Ռուսաստանի կողմից ճնշում կա, բայց պաշտոնապես ոչինչ չի ասվել

Հարցազրույց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և
քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ:

– ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի առնչությամբ մտահոգություններից մեկը կապված է փաստաթղթի չհրապարակման հետ: Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, չի հրապարակվում փաստաթղթի տեքստը:

– Պարզ է, որ մինչև նախաստորագրելը ճիշտ կլինի, որ հասարակությունը տեղյակ լինի բովանդակությանը: Իմ տպավորությունն այն է, որ որոշ շրջանակներ ուզում են կասկածանք հարուցել համաձայնագրի վերաբերյալ` խանդավառված չլինելով համագործակցության խորացման հեռանկարով: Եթե մինչ օրս տեքստը չի հրապարակվել, դեռ չի նշանակում, որ թաքցնում են կամ գաղտնի են պահում` ամենևին: Իհարկե, հիմա անորոշություն կա կապված չհրապարակելու հետ, բայց կարծում եմ` շուտով մենք կկարդանք տեքստը:

– Սա քաղաքական վեկտորի ընտրության փաստաթո՞ւղթ է:

Կարդացեք նաև

– Ոչ: Սա ընդամենը տնտեսական համագործակցություն է, այն էլ` սահմանափակ: Հայաստանի քաղաքական վեկտորը վաղուց ընտրվել է` դեռ 1997 թվականից` երեք նախագահներն էլ քաղաքական ուղղվածության առումով մեծ տարբերություն չունեն: Սա տնտեսական զարգացման հեռանկարներ ստեղծելու փորձ է: Պայմանագիրը նոյեմբերին կնախաստորագրվի, կպահանջվի առնվազն երկու-երեք ամիս, որպեսզի այն ստորագրվի, ինչը կնշանակի, որ կարող են գոնե որոշ բաժիններում փոփոխություններ իրականացվել, այնուհետ` ԵՄ անդամ պետություններին ՀՀ կողմից ստորագրված փաստաթուղթը կտրվի վավերացման, որն էլ երեք-չորս տարի հնարավոր է պահանջի նրանցից: Նախաստորագրման և ստորագրման փուլերի մեջտեղում է, որ մենք կկարողանանք փոփոխություններ կատարել համաձայնագրում, բայց իհարկե այն հատվածում, որը փոփոխության ենթակա է:

Այս ամբողջ գործընթացի ընթացքում Հայաստանը երկրի ներսում էլ փոփոխությունների կարիք ունի, որպեսզի համապատասխանի տնտեսական եվրոպական չափանիշներին, որ հանգիստ մտնենք եվրոպական շուկա: Այն կարծիքները, թե սա քաղաքական ընտրություն է, հակասում է Եվրասիական միությանը և այլն, առնվազն այս փուլում` այդպես չէ: Ճիշտ է, որ որոշ ճնշումներ տեսնում ենք, զգում ենք ՌԴ կողմից, բայց պաշտոնական ձևով դա չի արվում: Մեր իշխանություններն ասում են, թե Հայաստանը Եվրասիական միությանը մաս դառնալու հրավեր չի ստացել, Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն էլ, որոնք անմիջական կապ ունեն միության հետ, պատասխանատու են, հայտարարություն չեն արել, թե ի՞նչ խնդիր կարող է լինել համաձայնագրի ստորագրումից հետո: Եվրամիության անդամակցության հարց Հայաստանը չի դրել իր առջև` մի՛ մոռացեք սա:

– Փաստորեն, Հայաստանը Ասոցացման համաձայնագիրը չի՞ նախաստորագրում Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին:

– ՌԴ կողմից ճիգ կա, ճնշում կա` մենք զգում ենք դա, բայց պաշտոնապես այդ մասին ոչինչ չի ասվել: Եթե մեր իշխանություններն ասում են, որ հրավեր չկա Եվրասիական միության անդամակցության, ուրեմն հակասություն փնտրել պետք չէ: Այս համաձայնագիրն, ըստ իս, չի խոչընդոտի, որպեսզի Հայաստանը նույնանման հարաբերություններ ունենա Եվրասիական միության հետ:

– Ասացիք, որ Հայաստանում Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ բարեփոխումներ են պետք: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

– Մեր արտադրությունը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ շուկա մտնել: Մինչև վավերացնելը, տնտեսական ոլորտը, արտադրողական և այլն պետք է բարեփոխվեն: Խոսքը հիմնականում արտադրանքի որակի, ծավալների բարձրացման մասին է: Բայց այնպես չէ, որ մենք ամեն ինչ պետք է արտադրենք, ուղղարկենք Եվրամիություն: Դրա համար հաշվարկներ պետք է տարվեն, թե ի՞նչ է անհրաժեշտ Եվրոպային, ի՞նչ ծավալով և այլն, որ անիմաստ չդառնա այս ամենը: Իսկապես լուրջ ուսումնասիրություն է պետք, իշխանություններն էլ բավական անելիք ունեն ուղղորդելու, որ տնտեսությունը հնավորություն ստանա լայն գործողությունների, որ չտուժենք ի վեջո: Եթե ավելի շատ պետք է ներկրենք, ոչ թե մեծ ծավալներով արտահանենք Եվրոպա, իմաստ չի ունենա համագործակցությունը:

– Ի վերջո, այս տնտեսական համագործակցությունը չի՞ վերածվի քաղաքական դիրքորոշման, չի՞ ազդի հետագայում ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա:

– Եթե Ռուսաստանը ցանկանա` կազդի: Եթե Ռուսաստանը Հայաստանին մոտենա որպես ռազմավարակսն գործընկեր, ազդեցություն չի ունենա:

– Բայց Ռուսաստանի վերջին շրջանի պահվածքը նմա՞ն է ռազմավարական գործընկերոջ պահվածքին:

– Իհարկե, Ռուսաստանը երբեմն քայլեր է անում, որոնք չեն համապատասխանում ռազմավարական գործընկերոջ պահվածքին, բայց չի կարելի ասել, որ չի հարգում իր պարտավորությունները մեր նկատմամբ: Եթե այդպես է` խզենք պայմանագիրը, վերջանագ Այո, քայլեր կան, որոնք չեն համապատասխանում, մտահոգում են մեզ: Իրենց տեսակետից էլ` մենք ենք որոշակի քայլեր անում, որոնք չեն խախտում պայմանագրի ոգին, բայց իրենք չէին ակնկալում, որ մենք այդպես կանենք: Պարզ է, որ տնտեսական համագործակցությունը կարող է վերածվել քաղաքական համագործակցության, բայց դրա խնդիրը սպառնալիք չպետք է դառնա դաշնակցական հարաբերությունների համար: Մեծ պետությունները փորձում են լծակներ, պատրվակներ փնտրել փոքրերին ճնշելու, իրենց ցանկացած ուղղությամբ տանելու համար, բայց պետք չէ խուճապ ստեղծել: ՌԴ-ն ունի այն անհանգստությունը Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, ինչը մենք, օրինակ, ունենք զենքի գործաքի մասով:

– Պարոն Մանոյան, հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՅԴ Հայաստանի գերագույն ժողովի արդյունքում փոփոխություններ տեղի կունենան Դաշնակցության գերագույն մարմնի կազմում: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

– Բնականաբար, փոփոխություններ միշտ էլ լինում են: Բայց հարցը սուր չէ դրված, ինչպես ներկայացվել է: Գերագույն մարմնի կազմում այս տարիների ընթացքում փոփոխություններ միշտ են լինում: Դաշնակցությունը առողջ միավոր է, որտեղ հարցեր են քննարկվում, հարցեր են բարձրացվում, մարդ է ընտրվում, չի ընտրվումգ Տարօրինակ, արտառոց բան չկա, որ փոփոխություններ են լինում: Քաղաքական դաշտում դեմքերն այնքան ուշ-ուշ են թարմանում, որ լսելով փոփոխությունների մասին, երևի մարդիկ արտառոց բան են նկատում. մեզ մոտ այդպես չէ:

– Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել ՀՅԴ դեմ, Դաշնակցության մասին «բամբասանքներ է պատվիում»: Եվ տպավորություն է ստեղծվել, թե ՀՅԴ-ում ճգնաժամ կա, ինչն էլ հիմա փոփոխությունների է ենթարկվելու:

– ՀՅԴ-ում ճգնաժամ չէ` այդպես չէ: Ընդհակառակը` սա շնչող կուսակցություն է, կենդանի, որտեղ փոփոխությունները մշտական երևույթ են: Հրանտ Մարգարյանի հայտարարությունն այն հրապարակումների մասին էր, որոնք, այո, պատվիրված էին` նպատակ ունենալով ցույց տալ, թե ՀՅԴ-ում բարդություններ կան: Այն հրապարակումները, որոնք պատվիրում էր վարչապետը, Դաշնակցությանը հարվածելու առաքելություն ունեին: Առայժմ իրենք դադարեցրել են պատվերները` հասկանալով, որ մենք նման գործելաոճի կրողը չենք:

– Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը պետք է Դաշնակցությանը հարվածելու փորձեր աներ:

– Վարչապետի վարած քաղաքականությունը քննադատող ուժերից մեկը, եթե ոչ ուժը, մենք ենք: Մեր ասածներն էլ պարզապես ընդդիմադիրի հայտարարություններ չեն: Երբ վարչապետի անվան շուրջ այլ խնդիրներ բարձրացվեցին, ոչ թե իր քաղաքականության վերաբերյալ, այլ` մի փոքր ուրիշ հարցերով, մենք էլ արձագանքեցինք, և նա, հավանաբար, հարվածելու գործընթացի մեկնարկ հայտնեց: Վարչապետի անձը, հասկացեք, մեզ համար թիրախ չէ` մենք կառավարության վարած քաղաքականությունը անարդյունավետ ենք համարում: Բայց քննադատելուց բացի, մենք նաև առաջարկներ ենք փորձել ներկայացնել, համարելով, որ քննադատելը հեշտ է, սակայնգ

– Մամուլում հրապարակումներ եղան, թե ՀՅԴ Բյուրոյի անդամներ Վահան Հովհաննեսյանն ու Լևոն Մկրտչյանը առաջիկայում դեսպաններ են նշանակվելու, այդ առթիվ կարծիքներ հնչեցին, որ ՀՅԴ-ն գործարքի գնաց իշխանությունների հետ, շուտով կմտնի կոալիցիա և այլն:

– Ես տեղեկություն չունեմ, իսկապես տեղյակ չեմ նշանակման լուրերից: Բայց նշեմ, որ Դաշնակցության համար արտաքին քաղաքականության բնագավառը համահավասար է երկրի պաշտպանության ոլորտին: 97թվականին, երբ կուսակցությունը արգելված էր, մեր ընկերներից շատերը բանտարկված էին, ՀՅԴ-ն անհրաժեշտություն զգաց գնալու համագործակցության, ինչը չի նշանակում, որ մենք ամեն տեսակետ պետք է կիսենք: Երբ պետության շահերն են խնդրո առարկա, մենք բազարի նյութ չենք դարձնում դա: Հասարակությունը երբեմն չի հասկանում այս գործելաոճը, բայց կան հարցեր, որոնց շուրջ համագործակցության եզրեր լինում են: Անկախ` ով է իշխանությունը, այսօր էլ, մենք պետության շահերի համար ենք աշխատում: Հիմա Աստված չանի` վաղը կռիվ լինի` պետք է ասենք` սա՞ է նախագահը, չե՞նք գնում կռվի: Այնպես չէ, որ ՀՅԴ-ի շարքերից դեսպան ունենալով, հարցերը ավելի հեշտ կլուծվեն, բայց այնպես էլ չէ, թե կդժվարացնի ՀՅԴ համար:

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե կոալիցիա կմտնենք, ասեմ` խեղաթյուրումներ կլինեն, մարդիկ կփորձեն լուրեր տարածել, չարաշահել…

Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից` ի դեմս Վահան Հովհաննեսյանի, Լևոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է: Մեր ընդդիմություն լինելը պայմանավորված չէ նրանով, որ մեզ տեղ էին տալիս կամ տեղ չէին տալիս: Մենք դուրս ենք եկել կոալիցիայից, որովհետև Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանը համաձայն չենք եղել, մնացել էր արտաքին ճակատը, և տեսնելով, որ այդտեղ ազդեցություն չենք ունենում, համարեցինք, որ մնալն անիմաստ էր: Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել տարբեր ուժերի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է ինչ-որ կոալիցիաների մեջ մտնենք: Իմ կարծիքով, մենք երբեք չենք լինի մի կոալիցիայում, որտեղ մեր կարիքը չունեն: Եթե այս կոալիցիոն գործընկերները անհրաժեշտ կհամարեն մեզ մի երկու աթոռ տան, մենք էլ ազդեցիկ չլինենք, դա մեզ պետք չէ: Մենք նպատակ ունենք` լինել ազդեցիկ: Դաշնակցությունը, որպես սկզբունք, այդպես է աշխատում. մենք երբեք չենք մտնի այն կոալիցիան, որտեղ ձայն չենք ունենա, ազդեցիկ չենք լինի: Սա իմ անձնական տեսակետն է: Երբ հաստատվեն տեղեկությունները կամ հերքվեն, կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի այս հարցում:

– Կոալիցիա վերադառնալու մասին խոսք չկա՞:

– Այնպես չէ, որ այնտեղ մեզ տեղ են պահել` մենք էլ վերադառնանք: Եթե ազդեցություն չենք ունենալու, վարվող քաղաքականության վրա մեր հետքը չենք թողնելու` ի՞նչ է նշանակում կոալցիա մտնել: Եվ սա միայն իշխանությանը չի վերաբերում` ընդդիմության մասին է նաև խոսքս: Եթե ընդդիմադիր միավորումներում մենք մեր ազդեցությունը պետք է չունենանք, անիմաստ եմ համարում մեր ներկայությունը: Ինչի՞ մնանք այդ խմբավորման մեջ` որ ի՞նչ, որ լա՞վ երևանք:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս