Նախախորհրդարան. Բերման են ենթարկել Դմիտրի Հարությունյանին
Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ոստիկանությունը չի սահմանափակվել Երևանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ս.թ. օգոստոսի 24-ին կատարած զանգվածային բռնություններով և նրանց առավել ակտիվ մասին առանց հիմնավոր պատճառի բերման ենթարկելով: Ակտիվ քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու, ինչպես նաև նրանց բերման ենթարկելու դեպքերը շարունակվում են մինչ օրս:
Օգոստոսի 24-ից հետո տեղի ունեցող ոստիկանական բռնության դեպքերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Նախախորհրդարանի ու առհասարակ ակտիվ քաղաքացիների նկատմամբ հալածանքները համակարգային և ուղղորդված բնույթ ունեն:
Այդ օրվա ընթացքում տեղի ունեցածի կապակցությամբ վարչական իրավախախտումների հիմքով ակտիվիստներին ապօրինի կերպով բերման ենթարկելու տասնյակ դեպքերի շարքում առանձնահատուկ է Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանին քրեական գործով որպես վկա բերման ենթարկելու փաստի հետ կապված բացահայտ ու լկտի օրինախախտումների փաստը:
Դմիտրի Հարությունյանը կնոջ և մանկահասակ երեխայի հետ օրեր առաջ մեկնել էր Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղ` այնտեղ գտնվող ծանոթի տանը հանգստանալու համար: Ոստիկանությունն այդ ընթացքում վերը նշված քրեական գործով նրան որպես վկա հարցաքննելու նպատակով ծանուցագիր է ուղարկել նրա ծնողների տուն, որտեղ վերջինս հաշվառված է, սակայն չի բնակվում: Ծնողները հայտնել են ոստիկանությանը, որ տվյալ պահին չգիտեն իրենց որդու գտնվելու վայրը և վերադարձրել են ծանուցագիրը:
Դրանից հետո Ոստիկանությունը օպերատիվ-հետախուզական միջոցներով պարզել է նրա գտնվելու վայրը և առանց բերման ենթարկելու որոշման, գիշերվա ժամը 1:30 սահմաններում կարգախումբ է ուղարկել Արտանիշ: Նշված կարգախումբը շրջապատել է տունը ու ավելի քան 10 ժամ շարունակ ահաբեկել է նրանց` փորձելով կոտրել դուռը, ֆիզիկական բռնություն է կիրառել տանտիրոջ նկատմամբ, հոգեբանական ճնշում է գործադրել Դ. Հարությունյանի կնոջ վրա` չխորշելով անգամ անձնական վիրավորանք հասցնելուց:
Դ. Հարությունյանի ընկերների, իրավապաշտպանների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու փաստաբանների միջամտության շնորհիվ հաջողվել է կանխել նրա և նրա ընտանիքի նկատմամբ ոստիկանության կողմից բռնության ու վիրավորանքի հետագա դրսևորումը:
Դ. Հարությունյանը ներկայումս վերը նշված քրեական գործով որպես վկա բերման է ենթարկվում Արաբկիրի բաժին, որտեղ նրան կհարցաքննեն: Այդ կապակցությամբ զգուշացնում ենք, որ Նախախորհրդարանը հետամուտ է լինելու իր անդամի իրավունքների նկատմամբ հնարավոր ոտնձգությունների բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին:
Իսկ ընդամենը վկային բերման ենթարկելու` բեմադրություն հիշեցնող այս գործողությունը մեկ անգամ ևս փաստում է, որ համակարգը անհավասարակշիռ, խախուտ և ոչ համարժեք վիճակում է, ուստի մեր ժողովուրդը պետք է արագացնի իր ինքնակազմակերպումն ու օր առաջ տեր կանքնի իր երկրին ու պետականությանը»: