Թուրքիայի իշխանությունների երեք մտավախությունները՝ կապված Սիրիային հարվածելու հետ. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ղեկավարությունն ունի երեք մտավախություն՝ կապված Արևմտյան կոալիցիայի կազմում Սիրիային հնարավոր ռազմական հարված հասցնելու հետ: Այդ մտավախություններից երկուսը կապված են Սիրիայի կողմից Թուրքիայի դեմ պատասխան քայլերի հետ:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները մասնակցելո՞ւ են Սիրիայի դեմ հնարավոր հարվածին, թե՞ ոչ: Ամեն դեպքում Թուրքիան չի ցանկանում վերածվել մուսուլմանական երկիր ռմբակոծող երկրի, ինչի համար էլ ցանկանում է օդային գործողությանը ցուցաբերել օժանդակ աջակցություն:

Թուրքիայի իշխանություններին մտահոգում է այն հանգամանքը, որ Սիրիայի զինված ուժերը կարող են պատասխանել իրենց տրամադրության տակ առկա Scud հրթիռներով (հեռահարությունը կազմում է մինչև 1500 կիլոմետր) ու քիմիական զենքով:

Scud հրթիռների՝ մայրաքաղաք Անկարա հասնելը կանխելու համար Թուրքիան ապավինել է ամերիկյան արտադրության Patriot զենիթա-հրթիռային համալիրներին, իսկ քիմիական հնարավոր հարձակման հետ կապված՝ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանին տեղակայել են քիմիական, կենսաբանական ու ռադիացիոն դիտարկման սարքավորումներով մեքենաներ:

Եվ վերջապես, Թուրքիայի երրորդ մտավախությունն այն է, որ Սիրիայում արտաքին հնարավոր միջամտություն սկսելու դեպքում կտրուկ կմեծանա Սիրիայից Թուրքիա փախստականների ներհոսքը:

Տեսանյութեր

Լրահոս