Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը հայտարարում է բաց մրցույթ շինարարական տեխնոլոգիայի բնագավառում
Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը հայտարարում է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շենքի Հանրապետական նշանակության հուշարձանի (այսուհետ՝ Հուշարձան) անօրինական հավելումների՝ ներքին և արտաքին մասերում կառուցված բազմահարկ բետոնե կառույցի, դրան կից սարքերի ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագծային փաթեթի մրցույթ:
Մրցույթի նպատակը
Ընտրել լավագույն շինարարական տեխնոլոգիական լուծումներ ներառող նախագծային մոտեցումներն ու առաջարկությունները նշված հավելման անվտանգ ապամոնտաժման համար։ Այն պետք է ներառի դրա շինարարական աշխատանքների կազմակերպման, անվտանգության միջոցառումներ ու շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցության ապահւվման,ինչպես նաև Հուշարձանի պահպանված հատվածների վերականգնմանը միտված մասեր։ Այն պետք է միտված լինի Հուշարձանի ներքին ամբողջական տարածության պահպանմանն ու արժեվորմանը և նպաստի դրա պատմական ու ճարտարապետական դիմագծի վերականգնմանը՝ համաձայն ՀՀ Մշակույթի նախարարության՝ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին 2013 թ. ապրիլին հասցեագրված գրության: Համաձայն նշված գրության՝ ՀՀ մշակույթի նախարարությունը «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ից պահանջել է մշակել շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման և ուժեղացման աշխատանքային նախագիծ, ինչպես նաև պահանջել է «կորցրած կամարների հետագա վերականգնման նպատակով նախագծում կատարել հուշարձանի ներկա վիճակի փաստագրում և ներառել նորակառույցի ծավալի երկաթբետոնյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները» (ինչը բխում է Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի 2013թ. մարտի 6-ի նիստի արդյունքներից):
Անհրաժեշտ է
ապահովել – մոնտաժված և տեղադրված էլէկտրական սարքերի և հանգույցների անվնաս ապամոնտաժումը, պատմամշակութային հուշարձանի ներսում կառուցված բետոնե կարկասի աստիճանական ապամոնտաժման աշխատանքների օպտիմալ կազմակերպումը, այս նպատակով գործարկվող շինարարական տեխնիկայի խմբերի ազատ տեղաշարժերը կազմակերպող քարտեզագիրը.
դիտարկել – Հուշարձանի ներսում և ետնամասում կառուցված բազմահարկ բետոնե կարկասի և լրացուցիչ էլեկտրական սարքերի/հանգույցների ապամոնտաժման աշխատանքների առավել անվտանգ կազմակերպման հնարավորությունը՝ շրջակա շենքերի բնակչության անցուցարձը նվազագույնս չափով խոչընդոտելու նախապայմանով.
նախատեսել – շահագրգիռ կողմերի և աջակից կազմակերպությունների հետ համագործակցությունը և աշխատանքային նախագծի հանրայնացումը: Ցանկալի է նաև ներկայացնել Հուշարձանի նախնական ճարտարապետական ընդհանուր ծավալատարածական հորինվածքի վերականգնմանն ու տարածքի լուսավորության և արտաքին տեսքի բարելավմանն ուղղված առաջարկներ:
Կենտրոնական ծածկած շուկայի ազդեցության գոտու /դիտարկվող տարածքի/ սահմանները որոշվում են նախագծող հեղինակի / կազմակերպության կողմից:
Մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն ճարտարապետական միասնականության, պատմամշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից կառույցների հետ դրա ներդաշնակման ապահովման առումով:
Մրցույթին մասնակցության պայմանները
Մրցույթին կարող են մասնակցել՝ բոլոր համապատասխան որակավորում ունեցող (ճարտարապետներ, քաղաքաշինարարներ, շինարարական տեխնոլոգներ, դիզայներներ, քանդակագործներ, հարակից մասնագետներ) ֆիզիկական և իրավաբանական անձինք, ստեղծագործական խմբեր անկախ գործունեության վայրից
Մրցութային հայեցակարգային առաջարկությունների ներկայացման ձևաչափը
Առաջարկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով: Գրաֆիկական մասը ներկայացվում է ազատ, այն անհրաժեշտ ծավալով ինչը լիարժեք բացահայտում է հայեցակարգի հիմքում դրված մտահղացումները, ներառելով՝ գլխավոր հատակագիծը, Կենտրոնական ծածկած շուկայի գծագիրը, կտրվածքները, անհրաժեշտության դեպքում՝ առանձին դրվագները, եռաչափ գծապատկերները և մանրակերտն՝ ըստ հայեցողության:
Մրցույթի անցկացման և նախագծերի ներկայացման ժամկետները
Մրցութի սկիզբը սահմանվում է 2013 թվականի օգոստոսի 30-ը, իսկ ավարտը՝ 2013 թվականի սեպտեմբերի 10-ը:
Մրցութային առաջարկությունները էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են ոչ ուշ, քան 2013 թվականի սեպտեմբերի 10-ը՝ մինչև ժամը 17.00-ն, [email protected] էլ.հասցեով կամ https://www.facebook.com/saveyerevan (նաև https://www.facebook.com/merqaghaq ) ֆեյսբուքային հասցեներով:
Մրցույթի համար անհրաժեշտ ելակետային նյութերը՝
Մրցույթի համար անհրաժեշտ տեղագրական հանույթներ մասնակցները կարող են ձեռք բերել այցելելով Կենտրոնական ծածկած շուկա, ինչպես նաև օգտվելով նորակառույց հատվածի՝ համացանցում տեղ գտած բազմաթիվ լուսանկարներից և հրապարակումներից:
Մրցույթի արդյունքների ամփոփումը
Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների ամփոփումն իրականացվում է մրցութային առաջարկությունների շուրջ կազմակերպված հասարակական իրազեկումից հետո, բայց ոչ ուշ, քան 2013 թվականի սեպտեմբերի 15-ը:
Մրցույթի արդյունքներով ներկայացված հայեցակարգային առաջարկություններից ընտրված երեք լավագույնները կհանձնվեն ՀՀ Մշակույթի նախարարություն և Երևանի քաղաքապետարան՝ ի աջակցություն համապատասխան աշխատանքների իրականացման կազմակերպմանը:
Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում
29.08.2013թ