
Ռուսաստանը համալրում է իր Միջերկրածովյան նավատորմը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին թարմացվելու է Միջերկրական ծովում գտնվող ռուսական ռազմածովային խմբավորումը: Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գլխավոր շտաբում եղած աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում (Սիրիա) ստեղծված հայտնի իրավիճակն իրենց հարկադրել է որոշակի ուղղումներ մտցնել տեղի ռազմածովային խմբավորման կազմում:
Առաջիկա օրերին Միջերկրածովյան խմբավորումը համալրվելու է Հյուսիսային նավատորմի խոշոր հակասուզանավային նավերով: Ավելի ուշ նրանց կմիանա Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հածանավը, որը ներկայումս առաջադրանք է իրականացնում Հյուսիսային Ատլանտիկայում և շուտով սկսելու է շարժվել Ջիբրալթարի նեղուցի ուղղությամբ:
Աղբյուրը հավելել է, որ աշնանը Միջերկրածովյան նավատորմը համալրելու է Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» հրթիռակիր հածանավը, որը կփոխարինի «Փոխծովակալ Պանտելեև» խոշոր հակասուզանավային նավին: