Բաժիններ՝

«Պետությունն այլ տարբերակ քաղաքացիներին չի տալիս»

«Մինչ օրս Արգիշտի Կիվիրյանին դատաբժշկի ուղեգիր չի տրվել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանն ասաց ակտիվիստի փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք հաղորդում են ներկայացրել նաև Հատուկ քննչական ծառայությանը: Ըստ նրա` սա արվում է միտումնավոր: «Բժիշկները, ում մենք դիմում ենք, ֆիքսում են, որ Արգիշտի Կիվիրյանն ունի լուրջ մարմնական վնասվածքներ և նաև գլխուղեղի ցնցում, սակայն երբ հարցը հասնում է նրան, որ իրենք փաստաթղթավորեն դա, հրաժարվում են, որովհետև վախենում են: Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում` մի պետությունում, որտեղ մարդը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, նույնիսկ այն անձը, ով ունի փաստաբաններ, չեն կարողանում դատաբժշկի ուղեգիր ստանալ»,- հայտարարեց Լ. Սահակյանը:

«Արդեն երկար տարիներ մեզ չի զարմացնում, երբ հարուցվում է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այն դեպքերում, երբ ոստիկանությունն ապօրինություն է կատարում, այսինքն` բռնություն է գործադրում անձի նկատմամբ, պատասխանատվությունից զերծ մնալու համար, զեկուցագրեր են ներկայացվում, թե տվյալ անձն իրենց նկատմամբ է բռնություն կատարել, և հարուցվում է քրեական գործ, կամ մինչև գործի հարուցումը տվյալ անձին ասում են` կա´մ մենք հարուցում ենք գործ 316-րդ հոդվածի հատկանիշներով, կա´մ դու լռում ես, որ քո նկատմամբ բռնություն է կատարվել: Պարզ է, որ իրենք հասկանում են, որ Արգիշտի Կիվիրյանը չպիտի լռեր»,- ավելացրեց Լ. Սահակյանը:

Ա. Կիվիրյանի մյուս փաստաբանը` Երվանդ Վարոսյանը, նույնպես խոսեց Կիվիրյանի դեմ հարուցված 316-րդ հոդվածի մասին` հիշեցնելով, որ նախկինում այդ հոդվածի հատկանիշներով գործ է հարուցվել բազմաթիվ ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

Նա հիշեցրեց իր փաստաբանական գործունեության մեջ առաջին նման դեպքը` 2007 թ. հոկտենբերի 23-ին, երբ 316-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց Նիկոլ Փաշինյանի դեմ:

Ինչ վերաբերում է խաղաղ հավաքներին և դրանց անցկացման ձևաչափին, այս մասին Երվանդ Վարոսյանն ասաց, որ գոյություն ունի «իրավունքի գերակայության» սկզբունք:

«Ես ունեմ իրավունք ապրել մի տանը, որի լույսը փակված չէ դիմացի բարձրահարկ շենքով, ես ունեմ իրավունք ապրել մի քաղաքում, որտեղ կան պուրակներ, կա մաքուր օդ, ես ունեմ իրավունք` իմանալու` ինչու է տրանսպորտի գինը թանկանում…Եթե ես չեմ կարողանում իրացնել իմ իրավունքը` օրենքների և պետական համակարգի կառույցների միջոցով, ինձ այլ բան չի մնում, քան փորձել դա իրացնել ինքնուրույն: Ցանկացած երկրում, որտեղ չկա անկախ դատական իշխանություն, որտեղ իշխանությունը չի ձևավորվում արդար ընտրությունների միջոցով, որտեղ ոստիկանությունը չի գործում իր իրավասությունների շրջանակում, քաղաքացիական հասարակությունն այլ տարբերակ չունի, քան իր ձևով իր հարցերը լուծելը: Պետությունն այլ տարբերակ քաղաքացիներին չի տալիս»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը ոստիկանների կողմից բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևանի Արաբկիր վարչական շրջանի բաժանմունք` Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, որից հետո նա հայտարարեց, որ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել` բաժանմունք տանելու ճանապարհին: Իսկ մեկ օր անց Ա. Կիվիրյանը գրավոր հաղորդում  ներկայացրեց ոստիկանություն` իրեն ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս