Բաժիններ՝

Շինհրապարակի թաքնված վտանգը

Ներդրումներ, տնտեսական աճ, բարեկեցություն… Գիտե՞ք` որն է այս և նման դրական երևույթների ամենակարևոր պայմաններից մեկը` սեփականության իրավունքը։ Ավելի ճիշտ՝ սեփականության անձեռնմխելիության իրավունքը։

Որևէ հասարակարգում չի կարող կայունություն և զարգացում լինել, եթե դրա անդամները վստահ չլինեն, որ որևէ մեկը չի կարող ստիպել իրենց հրաժարվել սեփականությունից, չի կարող այն խլել, «գցել»։ Ավելին՝ որևէ մեկը չի կարող խանգարել նրանց` ըստ իրենց հայեցողության օգտագործելու այդ սեփականությունը։

Եթե չկա այս վստահությունը, ապա ամեն ինչ անիմաստ է, որովհետև սեփականատիրական, անձնական շարժառիթները շատ կարևոր դեր են խաղում ցանկացած հասարակարգում։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, օրինակ, իր ելույթներում բավականին հաճախ է հղում անում սեփականության դերին՝ նշելով, որ պատերազմը հաղթեցինք նաև այն պատճառով, որ մարդիկ արդեն օրենքով հողի սեփականատերեր էին դարձել։ Նրանք կորցնելու բան ունեին, պայքարում էին ոչ միայն ընդհանրական Հայրենիք գաղափարի համար, այլ նաև` իրենց սեփական ունեցվածքի: Միգուցե շատ պրագմատիկ է հնչում, սակայն մասնավոր շահի դերը թերագնահատել չի կարելի:

Այս ամենը, իհարկե, նորություն չէ: Մեր երկրում նույնպես վաղուց գիտակցել են սեփականության պաշտպանության իրավունքի կարևորությունը և ամրագրել այն Սահմանադրության մեջ։ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Բնականաբար, պետությունն էլ պետք է երաշխավորի այդ իրավունքի իրացումը, որովհետև եթե այդ իրավունքը չի գործում, ապա երկիրը, առանց չափազանցության, դատապարտված է լճացման կամ ետընթացի։

Չնայած Սահմանադրության մեջ այդ դրույթի առկայությանը՝ մեր երկրում սեփականության անձեռնմխելիության հարցը միշտ էլ կասկած է հարուցել։ Գերակա շահի անվան տակ մարդկանց ստիպել են հրաժարվել իրենց տներից (օրինակ` Բուզանդի փողոցում և այլուր)։ Սեփականության իրավունքի նկատմամբ ոչ բավարար վստահությունը մշտապես խանգարել է նաև պոտենցիալ օտարերկրացի ներդրողներին: Նրանք ցանկացել են համոզված լինել, որ իրենց բիզնեսը պաշտպանվում է օրենքով, այլ ոչ թե ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի «դաբրոյով»: Սակայն նրանք մինչ օրս էլ դրանում չեն համոզվում:

Դա զարմանալի չէ, որովհետև տարիներ շարունակ պետությունը ոչ թե պաշտպանել է առանձին քաղաքացիների սեփականության իրավունքը, այլ հակառակը՝ ոտնահարել է այն` ի շահ խոշոր փողատերերի նեղ շրջանակի: Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Կոմիտաս 5-ում և մյուս շինհրապարակներում, նույն շղթայի մասնիկն է՝ հակառակ կողմից։ Այս անգամ խախտվում է արդեն խոշոր կապիտալի սեփականության իրավունքը։ Իսկ դա պակաս վտանգավոր չէ։

Այսպես, ինչ-որ մեկը (անձը այս դեպքում կարևոր չէ) ձեռք է բերել սեփականություն այդ հասցեում և օրենքով սահմանված կարգով ցանկանում է այդտեղ բնակելի շենք կառուցել։ Մարդը ստացել է ոչ միայն սեփականության իրավունք, այլև համապատասխան շինթույլտվություն։ Այսինքն` նա կարող է պահանջել պետությունից պաշտպանել այդ սեփականությունը տնօրինելու և օգտագործելու իր իրավունքը։ Նա պարտավոր չէ «վատամարդ» դառնալ, նյարդերը քայքայել և շինարարությունը ավարտին հասցնել հերոսական ջանքերի ու բազում անեծքների գնով։ Մինչդեռ սեփականությունը տնօրինելու նրա իրավունքը արդեն իսկ խախտվում է` անկախ նրանից, որ շինարարությունը չի դադարեցվել։

Մյուս կողմից` բողոքողները նույնպես հղում են անում Սահմանադրության նույն 31-րդ հոդվածին։ Այն ասում է` սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Իսկ Կոմիտաս 5-ում իրականացվող շինարարության հարակից շենքի բնակիչները նշում են, որ իրենց իրավունքները խախտվում են։ Նրանք ասում են, որ իրենք զրկվելու են արևի լույսից։ Նաև նշում են, որ շինարարական աշխատանքները խարխլում են իրենց` առանց այն էլ վթարային վիճակում գտնվող շենքի հիմքերը։

Ինչպե՞ս վարվել։ Եթե քաղաքային իշխանությունները տեղի տան բողոքողներին՝ կխախտվի նորակառույցի սեփականատիրոջ իրավունքը։ Հակառակ պարագայում կխախտվի բողոքողների սեփականության իրավունքը։

Մինչև երեկ ոմանք չէին բացառում, որ քաղաքական նկատառումներով, ավելորդ աղմուկից խուսափելու և լարվածությունը չսրելու նպատակով՝ քաղաքային իշխանություններն ի վերջո տեղի կտան բողոքողներին և թեկուզ ժամանակավորապես կարգելեն շինարարությունը։ Նման մի քանի նախադեպեր արդեն եղել են։ Այսինքն` աստիճանաբար նախադեպ է դառնում, որ պետությունը «ժերտվա» է տալիս խոշոր սեփականատերերին` «լավամարդ» մնալու համար։

Իրականում դա պարզապես նշանակում է, որ պետությունը «գցում» է խոշոր սեփականատերերին։ Իսկ պետությունը իրավունք չունի գցել ո՛չ խոշոր գործարարներին, ո՛չ էլ շարքային քաղաքացիներին։ Բացի դրանից, ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, «զադնի դնելով»` իշխանությունն ընդունում է, որ սխալվել է և հետևաբար թուլանում է։ Առավել ևս, որ իշխանության նկատմամբ տարած հաղթանակի էֆեկտը մուլտիպլիկատիվ էֆեկտով կարող է տարածվել` հանգեցնելով բողոքի նոր օջախների։

Իսկ եթե պետությունը մինչև վերջ տեր կանգնի իր տրամադրած շինթույլտվությանը և կոշտ մեթոդներով, ոստիկանների օգնությամբ ապահովի շինարարության անխափան ընթացքը, խնդիրը չի լուծվի։ Նախ` լարվածությունը կշարունակվի։ Եվ երկրորդ` ամեն դեպքում դա բացասական ազդեցություն կթողնի խոշոր սեփականատերերի վարքագծի վրա։ Ո՞ր հայրենի կամ օտարերկրյա ներդրողը կցանկանա փող ներդնել մի երկրում, որտեղ պետության տրամադրած փաստաթուղթը կարող է մի գեղեցիկ օր դրվել կասկածի տակ և հանրային աղմուկի պատճառ դառնալ։

Կարճ ասած՝ իշխանության տեսանկյունից ոչ նահանջելն է ճիշտ (դա թուլության նշան է), ոչ էլ բողոքն ամբողջությամբ անտեսելը (դա կարող է սրել իրավիճակը)։ Դրա համար էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է ընտրել «ոսկե միջինը»` մասնակի նահանջը։ Նա երեկ հայտարարել է, որ Կոմիտաս 5 հասցեում կառուցվող շենքը համապատասխանում է քաղաքաշինական բոլոր նորմերին և պետք է կառուցվի: Սակայն ավելացրել է. «Ես կցանկանայի նշել, որ դեռևս յոթ ամիս առաջ ընդունել եմ Կոմիտաս 5 շենքի բնակիչներին՝ լսելով նրանց դժգոհությունները, որոշվել է 14 հարկանի շենքի հարկայնությունը իջեցնել մինչև 24 մետրի, այսինքն՝ կառուցել 7 հարկանի շենք»։

Սակայն կոմպրոմիսն արդեն ուշացած է թվում, որովհետև առաջ են գալիս նոր հարցեր։ Օրինակ` եթե տվյալ տարածքում ավելի նպատակահարմար է 7 հարկանի շենք կառուցելը, ինչո՞ւ է ժամանակին թույլտվություն տրվել 14 հարկանի շենք կառուցելու համար։ Եթե ժամանակին սխալ որոշում է կայացվել` ո՞վ պետք է պատասխան տա, ո՞վ պետք է փոխհատուցի սեփականատիրոջը, որը միգուցե բիզնես ծրագիր ուներ` 14 հարկանի շենքի հետ կապված, և նրա ծրագիրը ձախողվեց։ Իհարկե, Հայաստանում, որպես կանոն, խոշոր փողատերերը հրապարակայնորեն չեն բողոքում պետության գործողությունների դեմ։ Այսինքն` քիչ հավանական է, որ շենքի սեփականատերը հրապարակայնորեն քննադատի քաղաքային իշխանություններին` իրեն փաստի առաջ կանգնեցնելու համար։

Սակայն նույն խոշոր սեփականատերը ապագայում ներդրում կատարելուց առաջ հիշելու է այս նախադեպն ու մտածելու է` ավելի լավ չէ՞ գումարը ներդնել մի երկրում, որտեղ պետությունը մինչև վերջ տեր է կանգնում իր որոշումներին` անկախ անձերից։ Այնպիսի երկրում, որտեղ որոշում կայացնողների «տակը կեղտ չկա» և վախենալու բան չունեն։
Ամենավատն այն է, որ կան վաղուց ստորագրված բազում այդպիսի շինթույլտվություններ, որոնց խնդրահարույց լինելը ի հայտ է գալու շինարարության մեկնարկի ժամանակ։ Դրանք բոլորը դանդաղ գործողության ականներ են, որոնք խարխլում են պետական համակարգի հիմքերը։

Չնայած այս ամենի լրջությանը` որոշ պաշտոնյաներ անթաքույց սարկազմով ասում են. «Ամեն ինչի դեմ էլ բողոքող կլինի, որ ամեն մի բողոքողի առաջ պետությունը նահանջի, երկրում քաոս կլինի»։ Իրականում սա շատ թույլ փաստարկ է: Որովհետև քաոսը սկսվել է շատ վաղուց և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հասարակությունը լիարժեք չհավատա որոշում ընդունողների լեգիտիմությանն ու անաչառությանը։

Չէ՞ որ պետական համակարգի գործունեության իմաստը շատ պարզ է. մարդիկ ընտրում են իշխանություններին, որոնք ներկայացնում են իրենց շահերը, որոնք գործում են օբյեկտիվ և անշահախնդիր՝ ի շահ քաղաքացիների։ Մեծամասնությունը վստահում է իր ընտրած, իր ձևավորած իշխանությանը և համոզված է, որ այդ իշխանության ներկայացուցիչները պայքարում են իրենց իրավունքների համար։ Սա մեզ մոտ բացակայում է։ Մարդիկ պաշտոնյաներին համարում են ոչ թե իրենց ներկայացուցիչներ, այլ իրենց «գցել» ցանկացող հակառակորդներ։

Ի՞նչ եք կարծում` կլինեի՞ն բողոքի ակցիաներ, եթե հասարակության մեծամասնությունը վստահեր իշխանություններին և հավատացած լիներ, որ մինչև այս կամ այն թույլտվություն տրամադրելը` պատկան մարմինը մանրամասն ուսումնասիրել է բոլոր հանգամանքները։ Ի՞նչ իրավիճակ կլիներ, եթե մարդիկ անկեղծորեն հավատային, որ եթե նախագիծը որևէ կերպ հակասեր օրենքին կամ ոտնահարեր այլոց իրավունքները, չէր հաստատվի։ Իհարկե, չի բացառվում, որ նման վստահության պարագայում նույնպես բողոքի ակցիաներ լինեին։

Սակայն դրանք չէին ծավալվի, և պետական համակարգը դրանից խուճապի մեջ չէր ընկնի` վստահ լինելով իր իրավացիության մեջ։ Միգուցե այդ ժամանակ էլ 100 հոգի բողոքեին, սակայն բողոքը հանրային աջակցություն չէր ունենա։ Այդ դեպքում ոստիկանությանը չէին մեղադրի, եթե նրանք թեկուզ ուժ կիրառելով (օրենքի սահմաններում) պահպանեին հասարակական կարգը։

Այսինքն, ինչպես միշտ, խնդիրը հանգում է տոտալ անվստահությանը, երբ հասարակությունն ի սկզբանե համարում է, որ պետական համակարգի կայացրած ցանկացած որոշում սխալ է, ապօրինի և ուղղված իրենց իրավունքների դեմ։ Ընդ որում, խնդիրը միայն Երևանում իրականացվող շինարարության մեջ չէ։ Բողոքում են բոլոր ոլորտներում` ուսանողները` ուսման վարձերի թանկացման, թոշակառուները՝ թոշակները ուշացնելու, «Նաիրիտի» աշխատողները՝ աշխատավարձը ուշացնելու, ազատամարիկները` իրենց իրավունքները չհարգելու դեմ և այլն։ Իսկ որոշ պետական այրեր շարունակում են անհամ կատակներ անել սեռական թեմաներով` առանց գիտակցելու, որ լեգիտիմության, վստահության պակաս ասվածը ոչ թե ընդդիմադիր ելույթներում օգտագործվող մոդայիկ արտահայտություն է, այլ ռեալ վտանգ, որն արդեն սպառնում է կաթվածահար անել ամբողջ համակարգը։
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս