Բաժիններ՝

Սամվել Հարությունյան. «Իմ նկատմամբ բռնություններ են կիրառվել, մի քանի անգամ զենք են դրել իմ ճակատին»

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ում նկատմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել դատարան՝ բողոքելով, որ իր արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարվել է, հայտարարում է դարձյալ, որ իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովված չէ: Ըստ ԳԱԼԱ-ի՝  Սամվել Հարությունյանն ասել է, թե պատճառը իր կողմից հայտարարված այն բազմաթիվ փաստերն են, որոնց մասին նա բարձրաձայնել է, եւ որոնք մերկացրել են Սուրիկ Խաչատրյանին:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մտավախություն ունի, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Նա այս մասին հայտարարել էր դեռ շուրջ մեկ ամիս առաջ, որով պահանջում էր ՀՀ իշխանություններից եւ իրավապահ համակարգից, որ ապահովեն իր անվտանգությունը:

Սակայն Գորիսի նախկին քաղաքապետը այսօր կայքի հետ զրույցում վստահեցրել է, որ ոստիկանությունը չի ապահովել ու չի ապահովում իր անվտանգությունը, ավելին, հիմա վտանգ է սպառնում ոչ միայն իր կյանքին, այլեւ ընտանիքի անդամների անվտանգությունը եւս երաշխավորված չէ:

«Ոստիկանությունը հայտարարել էր, որ երաշխավորում է եւ կապահովեն իմ անվտանգությունը: Բայց ասեմ՝ ոնց եղավ. ինձ զանգահարել է ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալը եւ հրավիրել է ոստիկանություն: Ես բնականաբար չէի կարող գնալ ոստիկանություն: Ես ասել եմ, որ կգամ ոստիկանություն միայն այն դեպքում, եթե իմ հրապարակած փաստերի վերաբերյալ հարուցվի քրեական գործ, Սուրիկ Խաչատրյանն էլ անհապաղ ձերբակալվի եւ կալանավորվի: Կարծում եմ միայն այդ ժամանակ ոչ միայն ես, նաեւ բոլորը կհավատան եւ կգնան ոստիկանություն: Եւ բոլորս միասին ոչ միայն կգնանք ոստիկանություն, այլեւ առավելագույնս կօժանդակենք, որ օր առաջ ամբողջությամբ բացահայտվեն այն փաստերը, որոնք ես հրապարակել եմ»:

Կարդացեք նաև

Սամվել Հարությունյանը հայտարարել է, որ հիմա էլ ինքը շրջում է առանց թիկնազորի և զենքի եւ չի վախենում ոչ մեկից:

«Ես կյանքում թիկնապահ չեմ ունեցել, չեմ սիրել նաեւ զենք կրել եւ այլն: Զենքը իմ գիտելիքներն ու գաղափարներն են: Իսկ վտանգ, այո, վտանգ կա… վերջին հաշվով, քանի անգամ ես հայտնվել եմ վայրի վերաբերմունքի թիրախում, քանիցս իմ նկատմամբ բռնություններ են կիրառվել: Մի քանի անգամ զենք են կիրառել, իմ ճակատին են դրել: Բայց ոչ մի անգամ, ես հայտարարում եմ, որ չեմ վախեցել եւ հիմա էլ չեմ վախենում: Եվ ոչ միայն իմ, այլեւ ընտանիքիս անվտանգությունը վտանգված է: Եվ ես հայտարարում եմ, որ եթե մի բան լինի, ուրեմն պատասխանատուն Սերժ Սարգսյանն է և Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները»:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս