Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանին չարախոսողներին. «Այդ մարդու կարծիքն ինձ համար գրոշի արժեք չունի»

««Հանգուցյալի մասին կամ լավը, կամ` ոչինչ» ասացվածքն այնքան էլ ասացվածք չէ: Դա Հին Հռոմում Սենատի ընդունած օրենք է եղել, եւ օրենքը հիմնավորվել է այն փաստարկով, որ դուք կարող եք նրանց զրպարտել, իսկ նրանք չեն կարող ճշմարտությունը բացահայտել: Արկադի Տեր-Թադեւոսյանը հենց այդ դեպքն է: Ես ուղղակի անբարո եմ համարում Վազգենի հետ աշխատած, Վազգենին սեփական տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունեցած մարդկանց նման պահվածքը, առավել եւս՝ բարձր զինվորական կոչում ունեցողների»,- Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի սխալների մասին վերջին շրջանում տարաբնույթ հայտարարություններն այսպես է մեկնաբանել նրա եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Մասնավորապես՝ նման հայտարարություններ արել էր Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ «Դժբախտաբար, շատերը պատերազմի փորձությունները պատվով ու փառքով հաղթահարեցին, իսկ խաղաղության փորձություններին չդիմացան: Այն մարդը, ով ժամանակին փառաբանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, փնովում Վազգեն Մանուկյանին, հետո փառաբանում էր Ռոբերտ Քոչարյանին, փնովում Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա փառաբանում է Սերժ Սարգսյանին, փնովում է Ռոբերտ Քոչարյանին, այդ մարդու կարծիքն ինձ համար գրոշի արժեք չունի: Նրանք, ովքեր կփորձեն այդ կարգի մարդկանց միջոցով իրենց ասելիքն ասել կամ ուղղորդել հասարակական կարծիքը, թող հիշեն բումերանգի վերադարձի օրենքը: Շատ քիչ ժամանակ է անցել` իրականությունը աղավաղելու ու իրականությանը սեփական կաղապարները հագցնելու համար: Մենք պատերազմել ենք մեզնից բազմիցս ուժեղ թշնամու դեմ ու հաղթել ենք:

Մենք բանակ ենք ստեղծել պատերազմի ընթացքում` ազատամարտիկներից ու զինվորական կրթություն ունեցած սպաներից, մենք տոնել ենք հաղթանակներ, որ այսօր հնարավորություն են տվել անկախ պետություն ունենալու: Այդ ամենը չտեսնել, տեսածն աղավաղել ու նենգափոխել հնարավոր է միայն մեկ դեպքում` ստելու: Ով-ով, բարձրաստիճան զինվորականը պարտավոր է հասկանալ, որ խոսում է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային հերոսի մասին:

Բանակի ու հաղթանակների կայացման գործում Վազգեն Սարգսյանը, եթե ոչ ամենամեծ, ամենամեծ լումաներից մեկն ունեցող մարդկանցից է: Եթե շարունակում են խոսել առ այսօր Վազգեն Սարգսյանի դեմ, ընդունում ու հաստատում են, որ Վազգեն Սարգսյանն այսօր էլ քաղաքական դաշտում կա, որ իր սկսած գործը շարունակվում է ու դեռ այլընտրանք չունի: Նրանք, ովքեր չունեն համապատասխան արժանիքներ, բայց ուզում են կայանալ, առաջինը փորձում են կռվել Վազգեն Սարգսյանի դեմ: Դա արդեն ախտորոշում է»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս