Հայկ Ալումյանը մի քանի դրվագ է ներկայացրել Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված դեպքի չմոնտաժված տեսագրությունից
Հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքից 5 օր անց սկսվել է ապատեղեկատվություն տարածվել: Այս մասին այսօր րագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործով ամբաստնայալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Ապատեղեկատվությունը գնում էր դատախազությունից, ապատեղեկատվությունը գնում էր Սյունիքի մարզպետարանից և ապատեղեկատվությունը գնում էր անհայտ անձանցից, ովքեր համացանցում տեղադրել էին կեղծված ժապավեն»,- ասաց նա:
Պաշտպանի խոսքով՝ այժմ սկսվել է ապատեղեկատվության երկրորդ խոշոր ալիքը. թողած գործի էությունը՝ Զինդատախազությունն ու քննչական մարմինը ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են երկրորդական հարցերի վրա. «Անընդհատ քննարկվում է Արտակ Բուդաղյանի անունը, կարծեք թե հիմնական խնդիրը այս ամենի մեջ Արտակ Բուդաղյանի գործողություններն են, ընդ որում՝ Արտակ Բուդաղյանի գործողությունները ներկայացվում են գլխիվայր շուռ տված ձևով: Արտակ Բուդաղյանը ներկայացվում է որպես ագրեսոր, հարձակվող, իսկ վերջերս նաև ներկայացվում է, իբր թե Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ, առերեսումների մասնակցել: Ըստ էության, ամեն ինչ արվում է, որպեսզի տուժած կողմին պահանջատիրոջ կարգավիճակից հետզհետե տեղափոխվեն պաշտպանվող սուբյեկտվի կարգավիճակ, դնել ճնշումների տակ, որպեսզի նրանք հաշտվեն այն մտքի հետ, որ հետագայում հավանաբար արդեն ծրագրավորված են լուծումներ հօգուտ Խաչատրյանի ընտանիքի»:
Միաժամանակ Հայկ Ալումյանն ասաց, որ ստույգ տեղեկություններ չունեն, թե ինչ կերպ է Զինդատախազությունը փորձելու ծանրացնել Արտակ Բուդաղյանի մեղադրանքը:
«Տեսնելով, որ Արտակ Բուդաղյանին ներկայացված մեղադրանքը՝ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, որևէ կերպ չի հիմնավորվում, հիմա արդեն քայլեր են ձեռնարկվում, որպեսզի նրա մեղադրանքը ծանրացվի, որպեսզի նա ավելի բացասական ձևով ներկայացվի հասարակությանը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ այդ ամենի հիմնական կատարողը Զինվորական դատախազությունն է:
Հարցին՝ ինչո՞ւ է Զինվորական դատախազությունը նման դիրքորոշում ընտրել, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց մի ենթադրություն ունեմ. չէ՞ որ դեպքից մոտ մեկ ամիս հետո Սուրիկ Խաչատրյանը, այսպես, նույնիսկ հրապարակային ինչ-որ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինքը շատ շնորհակալ է իր բարձրաստիճան ընկերներից, ովքեր իրեն այդ դեպքի հետ կապված աջակցեցին: Գուցե պատասխանը պետք է փնտրել այդ բառերի մեջ»:
Հայկ Ալումյանի խոսքով՝ չմոնտաժված տեսանյությում երևում է, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մեքենայի մեջ մի քանի անձիք հարվածում են Ավետիք Բուդաղյանին: «Սկզբում Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենան երբ կանգնում է, Ավետքի Բուդաղյանը մեքենայից դուրս չի գալիս, բայց մի խումբ անձիք, իսկ արդեն չմոնտաժված տեսանյությում կարող եք նաև նկատել, որ իրենցից ոմանց մոտ կան նաև զենքեր, մի խումբ անձինք մոտենում են, ավտոմեքենայի դուռը բացում են, սկսում են քաշքշել և հարվածել Ավետիք Բուդաղյանին ավտոմեքեենայի մեջ, ինքը դուրս չէր եկել: Հետո երբ որ գալիս է Արտակ Բուդաղյանը իր ավտոմեքենայով, դուք կարող եք նկատել, ցանկության դեպքում, թե ինչպես այդ անձանցից 3 հոգին, այդ թվում նաև առնվազն մեկը երևում է զինված վիճակում, դեռ Արտակ Բուդաղյանը մեքենայից դուրս չեկած, արագ քայլելով մոտենում են այդ մեքենային, և պարզ երևում է, որ ագրեսիվ նպատակներով»,- ասաց փաստաբանը: