
Սիրիայի ապստամբները Հալեպը կտրել են երկրի կենտրոնական հատվածից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում գործող ապստամբներն այսօր հայտարարել են Խանասերի՝ ռազմավարական կարևորություն ունեցող շրջանի գրավման մասին, որով անցնում է Հալեպը երկրի կենտրոնական հատվածի հետ կապող միակ խճուղին:
Կառավարական զորքերի համար այդ տեղանքի վրա վերահսկողության կորուստը նշանակում է նաև Հալեպի կայազորին մատակարարելու ուղու կորուստ: Ավելի վաղ ապստամբները գրավել էին Դամասկոս-Հալեպ ճանապարհին ընկած մի շարք քաղաքներ՝ բանակին զրկելով Հալեպի համար անհրաժեշտ մատակարարումներ անելու հարցում դրանք օգտագործելու հնարավորությունից:
Այսպիսի իրավիճակում Հալեպում գտնվող կառավարական զորքերը մեծապես կախված են օդային մատակարարումներից: Հալեպի օդանավակայանը դեռ գործում է և գտնվում է նրանց վերահսկողության տակ: Նշվում է, որ վերջին ամիսներին ապստամբները մի շարք խոշոր հաջողություններ են արձանագրել Սիրիայի հյուսիսում, սակայն երկրի կենտրոնում նրանց վիճակը շարունակում է մնալ ծանր:
Սիրիական բանակն ու շիա աշխարհազորայիններն իրենց վերահսկողության տակ են առել Հոմսի շրջանի մեծ մասը և շարունակում են հարձակումը Դամասկոսի արվարձանների վրա: