
Բան Կի Մունը կարող է այցելել ԿԺԴՀ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սեուլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կարող է այցելել ԿԺԴՀ՝ խթանելու համար միջկորեական հարաբերություններում առաջընթացի գրանցումը.
«Ես քանիցս շարադրել եմ իմ դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ ես պատրաստ եմ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար անել ամեն անհրաժեշտ բան՝ ապահովելու համար միջկորեական հարաբերությունների դրական զարգացում:
Ես ձգտելու եմ նրան, որ գտնվեն համապատասխան հնարավորություններ, որպեսզի քննարկումներ ծավալվեն Հարավային Կորեայի կառավարության ու հյուսիսկորեական իշխանությունների միջև: Դրա հետ կապված՝ դիտարկելու եմ դեպի Հյուսիս իմ այցի հարցը»:
Հարավային Կորեայի նախկին արտգործնախարար Բան Կի Մունն այսօր ավարտում է իր վեցօրյա այցը հայրենիք: