
Բրիտանական նավատորմը պատրաստվում է Սիրիայի դեմ հնարավոր գործողությանը

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ բրիտանական ռազմանավերը առաջիկա օրերին պատրաստվելու են միանալ ամերիկյան ծովային խմբավորմանը, եթե ռազմական օպերացիա սկսվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ:
Այս մասին թերթին հայտնել են Մեծ Բրիտանիայի կառավարությունում եղած աղբյուրները: Պլանավորված է, որ այդ օպերացիան կրելու է թևավոր հրթիռներով ճշգրիտ հարվածներ հասցնելու բնույթ: Ներկայումս երկու երկրների ռազմական հրամանատարությունների ներկայացուցիչները հստակեցնում են կոնկրետ թիրախները:
Թերթի աղբյուրը հայտնել է, որ շարունակվելու են այլ երկրների, այդ թվում նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ Մեծ Բրիտանիայի կառավարության բանակցությունները՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ: Աղբյուրը հավելել է, որ դրա հետ մեկտեղ ուժի կիրառման հրամանը կարող է ստացվել հաջորդ շաբաթվա ընթացքում
Սրանից առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը զգուշացրել է Սիրիայի կառավարությանը՝ հայտարարելով, որ Լոնդոնը, Վաշինգտոնն ու նրանց դաշնակիցները Դամասկոսին թույլ չեն տա անպատիժ քիմիական զենք օգտագործել Սիրիայի ժողովրդի դեմ: