Բաժիններ՝

Ինչո՞ւ են կանայք գիրանում քառասունից հետո

Տարիքի հետ ո՞ւր է կորչում իդեալական կառուցվածքը: Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս երևույթը:

Կլիմաքսից հետո շատ կանայք են գիրանում: Մարմնի քաշի ավելացումը և կազմվածքի փոփոխությունները կլիմաքսի հիմնական նշաններից են: Կանանց 90%-ը կլիմաքսի ընթացքում գիրանում է և դա տեղի է ունենում 35-55 տարեկան հասակում: Հետազոտությունները ցույց են տվել, որ քաշի ավելացումը տեղի է ունենում ոչ թե շատակերության, այլ հորմոնալ ֆոնի փոփոխությունների հետևանքով: Կանանց մեծամասնության քաշը ավելանում է 5-8 կգ-ով, այն էլ՝ այդ ավելացումը տեղի է ունենում աստիճանաբար (յուրաքանչյուր տարի՝ կես կգ): Վաղ կլիմաքս տանող կանանց մոտ քաշի ավելացումը տեղի է ունենում ավելի արագ:

Օրգանիզմի հորմոնները մեծ դեր են խաղում ախորժակի, նյութափոխանակության և ճարպերի կուտակման հարցում: Էստրոգեն, տեստոստերոն և անդրոգեն հորմոնների անկանոնությունը թույլ չի տալիս, որպեսզի նույնիսկ դիետաները օգնեն քաշի ավելացումը կանխելուն:

Մեղավորը հորմոններն են

Էստրոգեն

Էստրոգենը կանացի սեռական հորմոն է, որը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր ամսվա ձվազատման համար: Կլիմաքսի ընթացքում էստրոգենի մակարդակը արագ իջնում է, որի արդյունքում դադարում է ձվազատումը: Սակայն էստրոգենը շարունակում է իր ազդեցությունն ունենալ մեր օրգանիզմի վրա՝ խթանելով ավելորդ կիլոգրամների առաջացումը: Քանի որ ձվարանները ավելի քիչ էստրոգեն են արտադրում, իսկ օրգանիզմն էլ պահանջում է էստրոգեն, վերջինիս արտադրմամբ սկսվում են զբաղվել ճարպոտ բջիջները, օրգանիզմը ավելի բարդ կերպով է աշխատում՝ կալորիաները վերածելով ճարպի, որով էլ բարձրանում է քստրոգենի մակարդակը: Ցավոք սրտի, նման գործընթացը հանգեցնում է քաշի ավելացմանը:

Պրոգեստերոն

Կլիմաքսի շրջանում պրոգեստերոնի մակարդակը նույնպես քչանում է: Ինչպես էստրոգենը, այնպես էլ պրոգեստերոնը, կարող է հանգեցնել քաշի ավելացման: Օրգանիզմում ջրի կուտակումը և կլիմաքսը հաճախ համընկնում են իրար հետ, քանի որ ջրի քաշը և փորի փքվածությունը պայմանավորված են պրոգեստերոնի մակարդակի իջեցման հետ: Ջրի կուտակումը և փորի փքվածությունը սովորաբար անհետանում է մի քանի ամիս անց:

Անդրոգեն

Անդրոգեն հորմոնը պատասխանատու է մարմնի միջին հատվածում ճարպի կուտակման համար: Կլիմաքսի շրջանում բարձրանում է անդրոգեն հորմոնների մակարդակը, որի հետևանքով էլ փորը և ազդրերը ճարպակալում են:

Տեստոստերոն

Տեստոստերոնը նպաստում է կալորիաներից մկանային զանգվածի ձևավորմանը: Բնականոն կլիմաքսի հետևանքով տեստոստերոնի մակարդակը իջնում է և հանգեցնում մկանային զանգվածի կորստին: Դա էլ, իր հերթին, հանգեցնում է ավելի վատ նյութափոխանակությանը և, բնականաբար, օրգանիզմը կալորիաները ավելի դանդաղ է այրում:

Ինսուլինի նկատմամաբ դիմադրություն

Կլիմաքսի շրջանում կարող է առաջանալ ինսուլինի նկատմամբ դիմադրություն: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմը ձեր ստացած յուրաքանչյուր կալորիա սխալմամբ վերածում է ճարպի: Շատ կանայք են ձգտում սննդակարգի մեջ օգտագործել քիչ քանակությամբ ճարպեր և մեծ քանակությամբ ածխաջրեր: Ժամանակի ընթացքում նման դիետան կարող է հանգեցնել նրան, որ օրգանիզմը դիմադրի ինսուլինին, որն էլ պատճառ է դառնում 40-ից հետո կանանց մոտ քաշի ավելացմանը:

Սթրես

Սթրեսը նույնպես նպաստում է կլիմաքսի շրջանում քաշի ավելացմանը: Սթրեսի հորմոնները կարող են կանխել քաշի պակասը օրգանիզմը «էկոնոմիայի» ենթարկելով: Այս երևույթը կոչվում է «Քաղցած լինելու էֆեկտ»: Օրգանիզմը կարծում է, որ երկար ժամանակ սնունդ չի ստանա ձեզանից և սկսում է պահեստավորել յուրաքանչյուր կալորիան՝ նպաստելով քաշի ավելացմանը:

Ի՞նչ անել

Միգուցե դժվար է, սակայն պետք է սովորել կլիմաքսի ընթացքում քաշի ավելացմանը վերաբերվել որպես բնական և դրական փոփոխության: Քաշի փոքր-ինչ ավելացումը կարող է օգնել նվազեցնելու կլիմաքսի մյուս երևույթները, ինչպիսիք են՝ անհանգստությունը և փոփոխականությունը: Կլիմաքսի շրջանում քաշի ավելացումը որոշ պաշտպանվածություն է ստեղծում օստեոպորոզի և այլ հիվանդությունների դեմ:

Զբաղվեք ակտիվ կենսակերպով, սննդակարգում ընդգրկեք սննդարար, սակայն քիչ կալորիականությամբ մթերքներ:

Օգտակար խորհուրդներ

1. Խուսափեք մշակված շաքարից, օգտագործեք մրգեր և բանջարեղեն:

2. «Ո՛չ» բազմաչարչար դիետաներին: Սովը նպաստում է նյութափոխանակության գործընթացի դանդաղեցմանը, որի արդյունքում էլ քաշ կորցնելու փոխարեն կուտակում եք նոր կիլոգրամներ: Ի հավելումն սրա՝ քաշի կտրուկ իջեցումը նպաստում է օստեոպորոզի զարգացմանը:

3. Նվազեցրեք կոֆեինի, նիկոտինի և ալկոհոլի օգտագործումը:  Դրանք կարող են ջրի կուտակման գործընթացները վատթարեցնել:

4. Ակտիվ կենսակերպով ապրեք: Ֆիզիկական վարժություններ կատարեք, որպեսզի արագացնեք նյութափոխանակությունը, ավելացնեք մկանային զանգվածը և կանխեք օստեոպորոզը:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս