
Կարեն Մովսիսյանը՝ ակտիվիստին. «Փախար: Դու պետք ա՞ էս երկիրը փոխես» (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր վաղ առավոտից Կոմիտաս 5 հասցեում լարված իրավիճակ էր: Ցուցարարները դուրս էին եկել փողոցի երթևեկելի հատված` շղթա բռնելով կանգնեցրել երթևեկությունը` ի նշան բողոքի: Ոստիկաններն էլ բռնի ուժով փորձում էին դուրս բերել նրանց, վերականգնել կանգնած երթևեկությունը: Այս ընթացքում տաք ասֆալտին պառկած ցուցարարները երգում էին, բղավում «միացեք», իսկ հարևան շենքերի բնակիչներին էլ շշերով ջուր էին լցնում ոստիկանների վրա` փորձելով խոչընդոտել նրանց:
Մոտ 50 րոպե տևած պայքարը ոստիկանների ու ակտիվիստների միջև ավարտվեց նրանով, որ բերման ենթարկվեցին Արգիշտի Կիվիրյանը, Մարիամ Սուխուդյանը և այլոք: Այս ընթացքում, երբ ոստիկանները բռնի կերպով դուրս էին բերում երիտասարդներին փողոցից, ակտիվիստներից մեկը մոտեցավ Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանին և ասաց. «Դուք էս ամեն ինչի համար պատասխան եք տալու` հիշեք` փոխվելու ա»: «Փախար: Դու պետք ա՞ էս երկիրը փոխես»,- պատասխանեց Կարեն Մովսիսյանը:
Ի դեպ, փողոցը փակած ակտիվիստներն ահազանգում էին, որ իրենց ակցիան խոչընդոտում են նաև քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր ոստիկաններին զուգահեռ բռնություն էին կիրառում ակտիվիստների նկատմամբ: