Կփոխե՞ն Հովիկ Աբրահամյանի որդու հաշվառումը
Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը դեռևս նշանակված չէ, բայց արդեն քաղաքում խոսակցություններ են շրջանառվում այս կամ այն թեկնածուների մասին: Վերջերս մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է իր որդուն՝ Արգամին, դարձնել Արարատի քաղաքապետ: Նշենք նաև, որ Արգամ Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
168.am-ի հետ զրույցում, սակայն, արարատցիները նշեցին, որ Հովիկ Աբրահամյանը չի կարող «գրավել» Արարատը: «Նրա որդին Արտաշատի հաշվառում ունի, օրենքով չի կարող առաջադրվել»,- ասաց մեր զրուցակիցը՝ չցանկանալով ներկայանալ:
Ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարի թեկնածու կարող են առաջադրվել 25 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքում մինչև քվեարկության օրը առնվազն 6 ամիս հաշվառված քաղաքացիները:
Հայաստանի ընտրողների ռեգիստրում ԱԺ նախագահի որդին՝ 25.05.1986թ. ծնված Արգամ Հովիկի Աբրահամյանը հաշվառված է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան 11/22 հասցեում:
Այնուամենայնիվ, քանի որ մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, ապա արարատցիների մի մասը չի բացառում, որ հանկարծ Արգամ Աբրահամյանի հաշվառման վայրը ընտրողների ռեգիստրում փոխվի:
Նշենք, որ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը օգոստոսի 15-ին մահացել է: