Բաժիններ՝

Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ուսման վարձի նկատմամբ բուհերի վերահսկողությունը սահմանափակող օրինագիծը

ARKA-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել ուսման վարձի կարգավորման հարցում բուհերի լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ օրինագիծը: Այս մասին տեղեկացրել է նախարար Արմեն Աշոտյանը։
2013/2014 ուսումնական տարում պետական հինգ բուհերում, այդ թվում` Հայաստանի պետական համալսարանում և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսման վարձը բարձրացել է 80-200 հազար դրամով (մոտ $200-500), ինչը բուռն արձագանք է առաջացրել հայ ուսանողության շրջանում։

«Օրինագիծն արդեն գտնվում է կառավարությունում և կքննարկվի առաջիկա նիստերից մեկի ընթացքում, որից հետո կառավարական քննարկումների արդյունքում կուղարկվի խորհրդարան»,– շաբաթ օրը հայկական բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

Ըստ նրա` նախարարությունը կդիմի կառավարությանը և վարչապետ Տիգրան Սարգսյանին` տվյալ օրինագիծն անհետաձգելի ճանաչելու և արտահերթ կարգով խորհրդարանական նիստի ընթացքում քննարկելու խնդրանքով։

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Աշոտյանը նաև քննարկել է ուսանողական ճաշարանների բարձր գների խնդիրը։

Կարդացեք նաև

«Սեպտեմբերից մենք բուհերի ռեկտորների հետ համատեղ կհետևենք ուսանողական ճաշարանների սննդամթերքի գների խիստ բարեփոխումների անցկացմանը։ Գները պետք է էապես տարբերվեն քաղաքի կենտրոնի սրճարաններում գործող գներից։ Ուսանողական ճաշարանները պետք է աշխատենք նվազագույն եկամտով, քանի որ դրանք գերշահույթ ստանալու համար չեն նախատեսված»,– կարծում է նախարարը։

Նա ավելացրել է նաև, որ հանրապետության շատ բուհեր արդեն ճաշարանների ավելի ցածր գների են անցել։

«Այդ բուհերում ճաշարանների սննդամթերքի գների վերահսկողությունն ուսխորհուրդն է իրականացնում, և ես կարծում եմ, որ դա լավ մոդել է։ Այսօր ուսանողական ճաշարանների խնդիրը լուծված չէ երկրի մի քանի խոշոր բուհերում, սակայն հաջորդ շաբաթ մենք հաստատությունների ռեկտորների հետ կքննարկենք այդ հարցը, և արդեն սեպտեմբերին բարեփոխումները զգալի կլինեն»,– ասել է Աշոտյանը։

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս