
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը խոշոր փոխհատուցում է վճարել Google-ին, Yahoo-ին, Microsoft-ին ու Facebook-ին. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հատուկ ծառայությունների գաղտնալսման ծրագրերին մասնակցող ինտերնետային ընկերություններին վճարել է մի քանի միլիոն դոլար: Խոսքը գնում է Google-ի, Yahoo-ի, Microsoft-ի ու Facebook-ի մասին:
Այդ գումարներն ուղղված են եղել սերտեֆիկացման ծախսերի ծածկմանը, որոնք ընկերությունները կրել են այն բանից հետո, ինչ դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել Ազգային անվտանգության գործակալության մի շարք գործողություններ (այդ որոշումն ընդունվել է դեռևս 2011 թվականի հոկտեմբերին):
Բրիտանական թերթը չի ներկայացնում Ազգային անվտանգության գործակալության կատարած փոխանցումների ստույգ քանակը: Փաստաթղթերից մեկում ընդգծվում է, որ այդ ծախսերը որակվել են որպես «Հատուկ աղբյուրների հետ գործողություններ»:
Սակայն Yahoo-ում կարծում են, որ այդ փաստաթուղթը չի ապացուցում հատուկ ծառայությունների հետ ինտերնետային հսկաների հետ համագործակցության փաստը: Իսկ Facebook ընկերությունում ընդհանրապես հայտարարել են, որ որևէ փոխհատուցում չեն ստացել: