Պուտինը Վաշինգտոնին հասկացնել տվեց, որ ԱՄՆ-ը երկրորդական խաղացող է Կովկասում. Թոմաս դե Վաալ

Ադրբեջանական Vesti.az-ին տված հարցազրույցի ժամանակ «Կառնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող, բրիտանացի լրագրող, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալն անդրադարձել է ոչ վաղ անցյալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած ադրբեջանական այցին.

«Ես չեմ կարծում, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան արմատականորեն փոխեց ռազմավարական հավասարակշռությունը Կովկասում: Դեռ թվում է, թե ամենակարևորը, ինչին հասել են ռուսները, Աբշերոնի գազային նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցությունն է` չնայած նրանք դեռ չեն էլ հասել դրան:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ Վլադիմիր Պուտինը քիչ բան է հիշատակել Ղարաբաղյան հակամարտության մասին: Ի տարբերություն իր նախորդ Մեդվեդևի` Պուտինը, կարծես թե, հետաքրքրված չէ Ղարաբաղով և մտադիր չէ դրա վրա ծախսել իր քաղաքական կապիտալը: Ե´վ Ռուսաստանի, և´ Ադրբեջանի համար ռուս առաջնորդի այցը սեփական ուժի ցուցադրություն էր:

Պաշտոնական Բաքվի կողմից դա ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի աջակցությունն էր, տարածաշրջանում Ադրբեջանի կարևոր դերակատարության ընդգծումը: Մոսկվայի կողմից դա Հայաստանին հասցեագրված ակնարկ էր, որ Երևանում հասկանան, որ անհրաժեշտ է մտնել Մաքսային միության մեջ:

Պուտինը Վաշինգտոնին հասկացնել տվեց, որ ԱՄՆ-ը երկրորդական խաղացող է Կովկասում»:

Տեսանյութեր

Լրահոս