Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» սպառնացել էր «փոխել պատմության դեմքը». Եմենի նախագահ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանատներն օգոստոսի կեսին դադարեցրել էին իրենց աշխատանքը` կապված նրա հետ, որ «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան զինյալները մտադրվել էին իրականացնել այնպիսի ահաբեկչական հարձակում, որը «կփոխեր պատմության դեմքը»: Այս մասին հայտարարել է Եմենի նախագահ Աբդ Մանսուր Խադին:

Ավելի վաղ հայտարարվել էր, թե ԱՄՆ դիվանագիտական առաքելությունները փակվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռք բերած այն հեռախոսազրույցի պատճառով, որում ահաբեկչական հարձակման պլանը քննարկել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրին և կազմակերպության Եմենի մասնաճյուղի ղեկավար Նասեր ալ-Վուհայշին:

Սակայն այն ժամանակ չէին հրապարակվել այդ պլանի մանրամասները: Միայն հայտնի է եղել, որ խոսքը գնում է խոշոր ահաբեկչության իրականացման հնարավորության մասին: Աբդ Մանսուրի խոսքերով` հուլիսի 29-ին կայացած այդ հեռախոսազրույցի բովանդակության հայտնի դառնալուց հետո Եմենի անվտանգության ուժերը երկու խոշոր ահաբեկչություն են կանխել երկրի տարածքում:

«Ալ-Քաիդայի» զինյալները մտադրվել էին պայթեցնել երկու ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրը պետք է բեռնված լիներ 7 տոննա պայթուցիկով: Պայթյուններից մեկը պետք է տեղի ունենար Եմենի հարավ-արևելքում գտնվող նավթավերամշակման գործարանի մոտ, իսկ երկրորդը` մայրաքաղաք Սանայում:

Եմենի նախագահը հայտարարել է, որ այդ ամենն ահաբեկեց ամերիկացիներին, և օգոստոսի 1-ին ԱՄՆ-ը հայտարարեց Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներում 19 դիվանագիտական առաքելության ժամանակավոր փակման մասին: Դրանցից ամենաուշն իր գործունեությունը վերականգնեց Եմենում ԱՄՆ դեսպանատունը` օգոստոսի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս