Րաֆֆի Հովհաննիսյան. Այս ամսվա ընթացքում պետք է կերտենք այն ուժը, որը փոխելու է երկիրը
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած «հանրային ժողով` անկախության օրակարգով» հավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը նախ մեկ րոպե լռությամբ խնդրեց հարգել ազգի հերոսական նվիրյալ, Պռոշյանի գյուղի նախկին քաղաքապետ Հրաչ Մուրադյանի հիշատակը, ապա խնդրեց անուն առ անուն հիշել բոլոր նրանց, ովքեր կերտեցին ազատ, անկախ Հայաստանը, ովքեր Խորհրդային Հայաստանի օրերին ընդունեցին անկախության մասին հռչակագիրը՝ «այս շատ անգամ մոռացված տոնը»:
Նա նշեց, որ անկախության հռչակագրով իրականացավ սերունդների նվիրական իղձերից մեկը՝ տրվեց անկախ պետականության հաստատման հիմնաքարը. «Սկիզբը խոստումնալից էր, բայց հետագա երկու տասնամյակների ընթացքում տեղ գտած արատավոր երևույթները հարված հասցրին Հայաստանին: Ամբողջ ազգը գիտի՝ պաշտոնավոր, հրամանատար, մարզպետ, շարքային քաղաքացի, որ իշխանության մեծագույն կեղծիքի պատճառով բոլորս գտնվում ենք կախման մեջ: ՀՀ-ն փաստացի արտակարգ իրադրության մեջ է գնվում և այսպես շարուակել չենք կարող: Իսկ այս վերկուսակցական համազգային գիտակցությունն ամենուր է»:
Նրա խոսքով՝ կա մեկ ամիս «վերջին եղանակ փակուղային ճանապարհից հետ կանգնելու համար՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին պատասխան տալու համար»:
«Բոլորը գիտեն՝ վերից վար, որ ութսունը քսանի դիմաց ունենք կեղծընտիր, ավելի շուտ անտնդիր իշխանություն, որը ուզում է թագավորել կեղծիքին համապատասխան ու գողանալով ժողովրդի քվեն՝ ուղղում է մարդկանց հանցագործության: Ինձնից չնեղանաք՝ կարող եք գնահատել, քննադատել, չհասկանալ, բայց մենք միասին տվել ենք երդում և ես ուրախ եմ, որ դրանից հետո, երբ ինձ, կնոջս երեխաներին, գործընկեներից, ոստիկաններից ոմանք Բաղրամյանի ասֆալտի հոտն ու համը ցույց տվեցին, ոստիկանապետը որոշեց քաղաքացիների քվեով ընտրված քաղաքացու հետ աղոթել հիմնական կեղծարարների հոգիների համար: Դրա համար գնահատենք, կոմեդիա անենք, թատրոնի նյութ սարքենք, բայց գործ ունենք անելու»,- շեշտեց նա: Նա ընդգծեց, որ պայքարը շարունակվում է, իսկ վերջին ամիսները ցույց են տվել, որ պայքարը մեկ հոգուց, մեկ թեկնածուից կախված չէ:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պետք է պայքարել արհեստական վիհի հետ՝ միասին բերելով բոլոր վտակները. «Եթե ուզում եք փոփոխություն, ազգի փրկրություն, այս ամսվա ընթացքում պետք է կերտենք այն ուժը, որը փոխելու է երկիրը»: