«Վլադ Մանգասարյանն էր ինձ պատվիրել նախնական պայմանագիրը Ռուբեն Մանգասարյանի անունով կնքել»
Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող, Մաշտոցի 33/1 շենքից բնակարան գնելու համար վճարած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատավարությամբ վերջապես ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ, ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած, սակայն ներկայումս սնանկության հասցված ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը: Վերջինս վերջապես իր ցուցմունքով լույս սփռեց այս գործով մի քանի կարևոր հանգամանքների վրա, որոնք բազմիցս շահարկվում էին դատարանում այս գործով մի քանի վկաների ցուցմունքներով:
«Ես ոչ Լուսինեի գումարն եմ յուրացրել, ոչ էլ` բնակարանը»,- իր ցուցմունքի սկզբում հայտարարեց ամբաստանյալ Եսայանը՝ հավելելով, որ երբ տեղեկացել է, որ Ռուբեն Մանգասարյանը Լուսինեի հետ պայմանագիր չի կնքել և բնակարանը նրան չի փոխանցել շատ է զարմացել, քանի որ այդ բնակարանը Լուսինեինն է եղել և այդ մասին իմացել են բոլորը: Ինչպես դատարանում պատմությունն ի սկզբանե ներկայացրեց ամբաստանյալը՝ 2007 թ.-ի դեկտեմբերի սկզբին Լուսինեի հայրը՝ Գևորգ Գյուլխասյանը բնակարանի ձեռքբերման համար բանակցել է ընկերության սեփականատերերի հետ, Գյուլխասյանների համար որոշակի զեղչեր են արվել ու այդ պայմաններում են Գյուլխասյանները համաձայնվել գումարը միանվագ վճարել: «Նոտարի մոտ ես գնացել էի Ռուբեն Մանգասարյանի հետ, որովհետև Վլադ Մանգասարյանն էր ինձ ասել: Գործարքը կնքել է հիմնադիրների գիտությամբ՝ չնայած, որ ինձ որպես տնօրենի ինչ-որ իրավունքներ վերապահված էին, սակայն դրանք թղթի վրա էին և ես ցանկացած գործարք կատարել եմ բացառապես փայատերերի գիտությամբ: Ինձ ասված էր նախնական պայմանագիրը կնքել Ռ. Մանգասարյանի հետ և ես կնքել եմ նրա հետ: Նախկին պայմանավորվածության համաձայն, Շենքի 6-րդ հարկի ու դրանից բարձր հարկերի գույքի վաճառքները համաձայնեցվում էր Վլադ Մանգասարյանի հետ:
Տվյալ գործարքով Վլադը պարտադիր պետք է տեղյակ լինել և հենց իր ապահովության համար էլ իր եղբոր հետ է կնքվում նախնական պայմանագիրը: Ես ձայնի իրավունք չեմ ունեցել, դա նրանց բիզնեսն էր, իսկ ես` նրանց հրահանգը կատարող»,- նշեց Եսայանը՝ հավելելով, որ նոտարական գրասենյակում նախնական պայմանագիր կնքելուց Գյուլխասյանները քաջատեղյակ էին, որ պայմանագիրը Արին կապիտալի հետ չեն կնքում, այլ կնքում են ֆիզիկական անձի հետ ու հետագայում սահմանված ժամկետներում պետք է կնքվեր հիմնական պայմանագիրը: «Ես նախնական պայմանագիր կնքելուց Ռ. Մանգասարյանին չէի կարող ներկայացնել, որպես «Արին կապիտալ»-ի ներկայացուցիչ, այլ ընդամենը հայտնել եմ, որ փայատեր Վլադ Մանգասարյանի եղբայրն է, Լուսինեն կամ նրա հայրը ինձ որևէ այլ հարց չեն տվել և շարունակել են կատարել գործարքը»: Ինչպես պատմեց ամբաստանյալը՝ կնքված նախնական առուվաճառքի պայմանագրով Ռուբեն Մանգասարյանը ընդունել է , որ պարտավորվել է սահմանված ժամկետում բնակարանի հիմնական առուվաճառքի պայմանագիրը կնքել Լուսինեի հետ: Թե՛ Ռուբեն Մանգասարյանը, և թե՛ ընկերության փայատերերը քաջատեղյակ էին, որ Ռ. Մանգասարյանը պետք է վերջնական պայմանագիր կնքեր հենց Լուսինե Գյուլխասյանի հետ: «Ռուբենն անգամ այնքան էր անհանգստանում, որ ինձանից պարտավորագիր ուզեց՝ իբրև թե որպես շինարարական պարտք առկա գումարի վերաբերյալ, որպեսզի հանգիստ լինի, որ` ես կտամ Լուսինեի բնակարանը:
Բայց ընկերությունը որևէ տեսակի նման պարտք չի ունեցել, դա արվում էր ընդամենը Ռուբենի հանգստության համար: Պարզապես նոտարականում գործարք կնքելուց հետո ես չէի պատկերացնում, որ հետո ինչ-որ նման թուղթ կարող է շահարկվել, որպեսզի հետ վերցնեի: Ընկերության գործում առկա մի շարք փաստաթղթերով կարելի է հստակ ապացուցել, որ ընկերությունը որևէ գումար պարտք չի եղել Ռուբեն Մանգասարյանին, որի դիմաց իբրև թե նա կարող էր վերցնել բնակարանը»,-նշեց ամբաստանյալը: Ինչ վերաբերում դատարանում բազմիցս շահարկված այն հանգամանքին, որ Գյուլխասյաննները գումարը տվել են Էդմոնդ Խուդյանին՝ առձեռն, Եսայանը նշեց. «Գյուլխասյանի կողմից տրված գումարը մեկ դրամի պես ես ինքս HSBC բանկում մուքագրել եմ ընկերության հաշվեհամարին: Դրա դիմաց Լուսինեին բոլոր երաշխիքները տրվել է, անգամ Խուդյանն է լրացուցիչ ստացական տվել, թեև գումարը ոչ թե Խուդյանին է տրվել, այլ` ընկերության բանկային հաշվին է վճարվել: Իսկ թե որքան գումարը ում անունից պետք է մուտքագրվի, այդ ամենը արդեն հաշվապահն է արել, ես ուղղակի որպես տնօրեն պետք է ներկա լինեի»,-նշեց Եսայանը:
Եսայանի խոսքով՝ Վլադ Մանգասարյանը անընդհատ իրեն ասել է, որ շուտով տալու է Լուսինեի բնակարանը, և երբևէ որևէ խոսակցություն չի եղել այն մասին, թե Լուսինեի բնակարանը չի տրվելու: Ըստ Եսայանի, Մանգասարյանը հրաժարվել է Լուսինեին բնակարան տալ մտադրությունից այն բանից հետո, երբ Լուսինեն ներկայացրել է Խուդյանի կողմից Լուինեին տրված ստացականը: «Վլադը բազմիցս խոստացել է Լուսինեին բնակարանը տալ, քաջ գիտակցելով որ այդ բնակարանը Գյուլխասյանին հանձնելու պարտականությունը իր եղբոր վրա է և ոչ թե «Արին կապիտալ»-ի: Խուդյանը գումարի ստացականը տվել էր Լուսիեին, որպես երաշխիք, որ գույքի հիմնական պայմանագիրը ընկերության և Մանգասարյանի միջև կնքվելուց հետո կկնքվի նաև Մանգասարյանի և Գյուլխասյանի միջև: Իսկ Ռուբեն Մանգասարյանը լավ գիտեր, որ պետք է Գյուլխասյանի տունը տան, բայց իմանալով Խուդյանի տվաց ստացականների մասին Վլադն ըստ երևույթի որոշում է «քցել» Գյուլխասյաններին ու ամեն բան տանել դեպի Խուդյանը»: Եսայանը ցուցմունքի վերջում ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը որպես տնօրեն հիմնական պայմանագիր կնքելու պարտավորություն չի ունեցել Գյուլխասյանների հետ, այդ պարտականությունը Մանգասարյանինն է, ով չի կատարել իր պարտավորությունը: Դատական հաջորդ նիստում դատարանը կշարունակի հարցաքննել Եսայանին՝ այդ թվում մեղադրող դատախազն ու տուժող կողմը:
Ամբաստանյալի պաշտպանի արձակուրդում գտնվելու պատճառով դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին: Նշենք, որ դատարանը ի վերջո որոշեց հետաձգել և ավելի ուշ քննարկել վկա Սևակ Արզարունուն հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ նա կրկին անգամ իբրև թե չէր ստացել դատարանից ուղարկված գրությունը: Հետաքրքիր է այս պարագայում տուժող կողմից դիրքորոշումը, քանի որ Հայաստանում գտնվող գործով կարևորագույն վկային դատակոչելը պահանջելու փոխարեն, Լուսինե Գյուլխասյանը չգիտես ինչու անգամ Էդմոնդ Խուդյանի հետ օրեր առաջ հանդիպում ունենալուց հետո դատարանում պահանջում է ԱՄՆ-ից այստեղ բերել Էդմոնդ Խուդյանին: Վերջին նիստում, իհարկե դատարանում Խուդյանի դիմումի հրապարակումից հետո և դատավորի բացատրությունից հետո տուժող կողմը կարծես թե հրաժարվեց իր այդ «որոշումից», քանի որ ամերիկահայ գործարարը պահանջել էր դատարանում հրապարակել իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Խուդյանի կողմից դատարան ուղարկված դիմումը, որում վերջինս անդրադարձել էր նաև այս գործով հսկող դատախազ Արման Հակոբյանին, կհրապարակենք ավելի ուշ:
Նշենք միայն, որ այն ըստ երևույթին բոլորովին դուր չեկավ այս գործով ներկա մեղադրող դատախազին, որը «հետաքրքիր» մի հայտարարությամբ հանդես եկավ այդ առիթով, բնականաբար լրատվամիջոցներից պահանջելով Խուդյանին տեղյակ պահել՝ զերծ մնալ նման հայտարարություններից: Չարհամարհելով հարգելի դատախազի խոսքը՝ տեղյակ ենք պահում պարոն Խուդյանին մի քիչ ավելի զգույշ լինել հայտարարություններում, քանի որ ինչ գիտես, գուցե այդպես շարունակելու դեպքում դատախազը հանկարծ որոշի իսկապես «հաջող» ավարտի հասցնել Արման Հակոբյանի կողմից կազմված շինծու մեղադրանքը:
Հարգանքներով՝ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ