Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության վրա կրակելը նորություն չէ
Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակում սահմանակից Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ: Հերթական դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ: Երեկոյան արդեն կրակ է բացվել նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ուղղությամբ` քաղաքացիական տրանսպորտի վրա: Խաղաղ բնակչության վրա կրակոցներ արձակելը Ադրբեջանի համար նորություն չէ: Մեկ տարի առաջ էլ` ապրիլի 25-ին, ադրբեջանական զինուժը կրակոցներ արձակեց մարզի Դովեղ գյուղի հենց կենտրոնի ուղղությամբ` ժամեր շարունակ կրակի տակ պահելով գյուղի մանկապարտեզը:
Կրակոցներից արձակված փամփուշտից վնասվել էր մանկապարտեզի շենքը և դրան հարակից կայանված «ԳԱԶ 53» մակնիշի 58 ԼՏ 289 համարանիշի բեռնատար ավտոմեքենան: Բարեբախտաբար, գնդակը գյուղացիներին չէր դիպել:
Այս ամենը, սակայն, լուրջ վնասներ է հասցնում նաև մարզի սահմանմերձ գյուղերի գյուղատնտեսությանը: Չինարի, Դովեղ, Բերքաբեր ու մյուս սահմանամերձ գյուղերի բնակիչներն ամեն Աստծո օր ահ ու դողով են հող մշակում, շատերը նույնիսկ դադարել են հողագործությամբ զբաղվել, սար բարձրանալ և անասուն պահել, քանի որ շատ վարելահողեր գտնվում են հենց թշնամի պետության նշանի ներքո:
Բնակիչները, չնայած այս պայմաններին, շարունակում են ապրել ու արարել իրենց գյուղում` իրենց ևս համարելով սահմանապահներ: Տավուշի մարզի Կայան ավանի տարեց բնակիչներից մեկը ժամանակին մեր այն հարցին, թե ինչո՞ւ չեն վաճառում տները ու տեղափոխվում ում գյուղից (տունը գտնվում է հենց սահմանի վրա), պատասխանել էր. «Ո՞ւր քինամ, բալա ջան, սահման եմ պահում»:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է ԼՂ և Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 9 հայ զինծառայող: Բացի այդ՝ վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:
Լուսանկարները՝ հեղինակի