Գյուղնախարարի փեսան՝ Վիրաբյանի փոխարեն
Վերջերս՝ հուլիսի սկզբին, ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013 թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ձերբակալվել էր Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը:
Ձերբակալման պատճառը՝ թույլ տված չարաշահումներն էին, որոնց թվում էր նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ազգականներին տրամադրած դիզվառելանյութի գործը: Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ հրապարակումների՝ դիզվառելանյութը սուբսիդավորել էր պետությունը, նախևառաջ անապահով ընտանիքներին տարամադրելու համար, մինչդեռ պարզվել էր, որ մոտ 47.000 տոննան բաժին է հասել Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին:
Ըստ որոշ հրապարակումների՝ Վիրաբյանը նեղ միջավայրում ասել էր, որ եթե իրեն բռնեն, ապա անուններ է տալու: Հիշեցնենք, որ Աբրահամյանների կողմից պետական միջոցներից առաջնահերթության կարգով օգտվելու փաստը բացահայտվեց Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության պատճառով առաջացած «կոնֆլիկտի» ընթացքում: Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը ներկայացրեց տեսչության անցկացրած ստուգումների արդյունքները, որոնց համաձայն կառավարության աջակցությամբ տրամադրվող մատչելի դիզելային վառելիք ձեռք բերելու ծրագրի իրականացման ընթացքում մեծ թվով խախտումներ էին արձանագրվել:
Այդ հայտարարություններից հետո, նույնիսկ պաշտոնական բացատրություն տրվեց, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատների կողմից դիզվառելիք ձեռք բերելու փաստը խախտում չի համարվում, քանի որ ծրագիրը նախատեսված է մարզերի բոլոր բնակիչների համար, որոնց թվում են նաև Աբրահամյանի հարազատները:
«Կառավարության որոշմամբ նման սահմանափակում չկա, և յուրաքանչյուր հարուստ կարող է և օգտվել է։ Սակայն սահմանափակում է եղել, ըստ որի՝ հարուստները կարող էին օգտվել մինչև 30-40 տոննայի չափով, իսկ այն գյուղացիները, որոնց հնարավորությունները ավելի սահմանափակ են, միջինը 500 տոննա են ստացել»,- ասել էր Սոնա Ղարիբյանը: Ընդ որում, ստուգումների արդյունքում ամենաշատ խախտումները արձանագրվել էին Արարատի մարզում, որտեղից պետությանը 83 միլիոն դրամի վնաս էր պատճառվել: Ս. Ղարիբյանի ներկայացրած տվյալներով՝ Մխչյանին հատկացված դիզվառելիքի մոտ 65 տոկոսը ձեռք էին բերել հենց Հ. Աբրահամյանի հարազատները: 35.000 լիտր դիզվառելիք գնած Հենրիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր, իսկ 12.900 լիտր դիզվառելիք գնած Հովհաննես Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին:
Տիգրան Վիրաբյանի ձերբակալությունից հետո Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետի պաշտոնը թափուր է, սակայն օգոստոսի 24-ին, ժամը 14:15-ին տեղի կունենա այդ պաշտոնի համար Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը:
168.am-ի տեղեկություններով՝ այդ մրցույթին մասնակցելու է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի փեսան՝ Կարեն Մնացականյանը, ում էլ մտադիր են կարգել այդ պաշտոնում: Ըստ նույն աղբյուրների՝ վերջինս իր աշխատանքային կենսագրությամբ չի համապատասխանում քաղծառայության այդ պաշտոնի պահանջներին: Եվս մեկ թեկնածու է հայտ ներկայացրել, ով, սակայն, պարզապես «դրածո» թեկնածու է, որովհետև որոշված է, որ մրցույթում «հաղթելու է» գյուղնախարարի փեսան: