Բաժիններ՝

Լարիսա Ալավերդյանը Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող շինարարության վերաբերյալ զրուցել է Վլադիմիր Գասպարյանի հետ (տեսանյութ)

Այսօր «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում՝ օգոստոսի 21-ին Կոմիտասի 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարող բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախման վերաբերյալ:  «Լիբեր» ՍՊԸ-ն 2010 թվականից բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ սկսել է բազմահարկ շենքի շինարարություն, ինչին անընդհատ դեմ են արտահայտվել բնակելի շենքերի բնակիչները:

Քննարկմանը մասնակցում էին «Նախախորհրդարանի» անդամներ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և «Ընդդեմ իրավական համակայանության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը: «Մեդիա կենտրոն»-ը հրավիրել էր ներկայացուցիչների նաև շահագրգիռ մյուս կողմերից` Երևանի քաղաքապետարանից, ոստիկանությունից, «Լիբեր» ՍՊԸ-ից, սակայն վերջիններիս մերժել էին հրավերը:

Լարիսա Ալավերդյանն ասել է, որ դեռ տարիներ առաջ, երբ պատգամավոր էր, բնակիչներից բողոքներ էր ստացել, որ շենքերի հարևանությամբ գործող ենթակայանն աշխատում է շինարարական նորմերի խախտումներով: Դրա հետևանքով վիբրացիան, որը տարածվում էր, զգալի վնաս էր հասցնում թե՛ մարդկանց առողջությանը, թե՛ շենքին, և բնակիչները տարիներ շարունակ պայքարում էին, որ ենթակայանն այդտեղ չգործի: Այժմ բնակիչները պայքարում են նույն տարածքում բազմահարկ շենքի կառուցման դեմ:

«2010 թվականին «Լիբեր» ՍՊԸ-ն վերին աստիճանի թերի փաթեթով ստացել է քաղաքապետարանի համաձայնությունը: Ձեզ հայտնի է այդ սխեման. չստանալով այն բոլոր թույլտվությունները, որոնք պետք է ստացվեն, քաղաքապետարանը անմիջապես տալիս է այդ թույլտվությունը, իր ստորագրությունը դնում կնքած նախագծերի վրա, և շինարարները դրանով գալիս են: Դա հոգեբանական ճնշում և անթույլատրելի գործողություն է»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:

Կարդացեք նաև

Մինչդեռ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ բնակելի շենքերի հարևանությամբ կառուցվելիք ցանկացած շենքի շինարարություն պետք է սկսվի բոլոր կողմերի հետ անցկացված լսումներից, և բնակիչների համաձայնությունը ստանալուց հետո է միայն թույլատրվում կատարել մյուս բոլոր գործընթացները: Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Կոմիտասի 5 հասցեում շինարարության ժամանակ կա «հստակ կոռուպցիա», ինչպես նաև գործում են հանցավոր սխեմաներ:

Օգոստոսի 21-ին վերսկսված շինարարությունը կանգնեցնելու նպատակով` ակտիվիստների հետ շինհրապարակ էր մտել նաև Տիգրան Խզմալյանը, ում, արդյունքում, ոստիկանները ենթարկեցին վարչական բերման և բաց թողեցին մոտ 2:30 ժամ անց:  Քննարկման ընթացքում Տիգրան Խզմալյանը և Լարիսա Ալավերդյանը համոզմունք է հայտնել, որ օգոստոսի 21-ին ոստիկանության` բնակիչներին ու ակտիվիստներին քաշքեշելու, բերման ենթարկելու գործողություններն իրավաչափ չէին:

Միաժամանակ Տիգրան Խզմալյանն ասել է, որ ոստիկանների վերաբերմունքն իր հանդեպ կոռեկտ է եղել, մինչդեռ բնակիչների նկատմամբ վերաբերմունքն այդպիսին չէր: Բնակիչների մեջ է եղել Հայրենական պատերազմի 95-ամյա մի վետերան, ով երեկ՝ ոստիկանների հետ բախման ժամանակ, լաց է եղել: «Զորքը բերում են՝ մասնավորի շահերը պաշտպանելու` երեխաների, ծերերի, երկրորդ համաշխարհայինի վետերանի դեմ»,- ասել է Տիգրան Խզմալյանը:

Լարիսա Ալավերդյանը հավելել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով կարծիք է հայտնել, որ որքան շուտ այդ գործընթացը մտնի իրավական հունի մեջ, այնքան լավ, քանի որ երբ գործը մտնում է դատարան, կասեցման որոշում է ընդունվում:

«Ես չէի ցանկանա, որ այդ կոշտ դիմադրությամբ ընթանան գործընթացները: Բայց եթե որևէ նորմ չի գործում, քաղաքացիները գնալու են այդ ուղով»,- ասել է Լարիսա Ալավերդյանը: Նա վստահ է, որ բնակիչները արել են միայն այնպիսի քայլեր, որոնք պահանջվում են՝ իրենց իրավունքը պաշտպանելու համար, և իրական մտավորականները պետք է գնան ու կանգնեն պայքարող ժողովրդի կողքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս