Ջերմուկն ու Կարլովի Վարին մտադիր են համագործակցել

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարիի երկրամասի պատվիրակությանը` նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը եւ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Պատվիրակությունն այցելել է Վայոց ձորի մարզ, եղել  Ջերմուկում,  մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ քննարկվել են Վայոց ձորի մարզի եւ Կարլովի Վարիի երկրամասի, ինչպես  նաեւ Ջերմուկ եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ  գործընկերային հարաբերությունների հաստատման  հնարավորությունները:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ  Հայաստանի եւ Չեխիայի միջեւ բարեկամական հարաբերությունները տեղափոխվում են նաեւ միջտարածաշրջանային մակարդակ: Նա նկատեց, որ  Ջերմուկն ու Կարլովի Վարին  բավականին ընդհանրություններ ունեն, եւ  առողջարանային երկու քաղաքների միջեւ կարող է հետաքրքիր ու  արդյունավետ համագործակցություն  հաստատվել: Փոխվարչապետը տեղեկացրեց հանրապետությունում եւ, մասնավորապես,  Վայոց ձորի մարզում  իրականացվող  զբոսաշրջային ծրագրերի մասին` նկատելով, որ զբոսաշրջային ավանդույթներ ունեցող Կարլովի Վարիի փորձը կարող է օգտակար լինել հայ գործընկերների համար:

Հյուրերն իրենց հերթին նշեցին, որ հետաքրքրված  են համագործակցությամբ եւ տպավորված են Ջերմուկի բնությամբ ու առողջարանային հնարավորություններով: Նահանգապետ Յոզեֆ Նովոտնին տեղեկություններ ներկայացրեց  երկրամասի մասին` նշելով, որ  այն տարեկան մոտ 0,5 մլն զբոսաշրջիկ է  ընդունում: Նա նաեւ առաջարկեց քննարկել Կարլովի Վարիի երկրամասի հետ ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությունը, ինչը կնպաստի կողմերի միջեւ ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ կապերի աշխուժացմանը:

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն  հայտնեցին աջակցել  փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս