Իրանը 10 օր առաջ բողոքի նոտա՞ է հղել Ադրբեջանին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՆԳՆ-ը հետաքրքրվել է Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ) գործունեությամբ, ինչի պատճառը Բաքվում Իրանի դեսպանատան հղած նոտան է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Սաբիր Ռուստամհանլըն:
Վերջինիս տվյալներով՝ նոտան տրվել է 10 օր առաջ, սակայն երկու կողմի դիվանագիտական ծառայությունները հերքում են նոտայի փաստը: Պատգամավորի տվյալներով՝ նոտան ԱԳՆ-ից ուղարկվել է նախագահի աշխատակազմ, իսկ այնտեղից էլ՝ ՆԳՆ՝ միջոցներ ձեռնարկելու համար:
Դրանից հետո ՆԳՆ-ի Անվտանգության վարչության աշխատակիցները դիմել են ԱՀԿ-ի շարքային աշխատակիցներին՝ նպատակ ունենալով պարզաբանումներ ստանալ նրանցից և ստուգել նրանց համակարգիչները: Պատգամավորը մտավախություն է հայտնել, որ այս ամենին կհաջորդի ԱՀԿ-ի գործունեության սահմանափակումը կամ էլ նրանց երկրից արտաքսելը:
Ռուստամհանլըն անհամաձայնություն է հայտնել իրանական կողմի այն պնդման հետ, որ ԱՀԿ-ի գործունեությունը չի համապատասխանում երկկողմանի պայմանագրերին: Նա հավելել է, որ ԱՀԿ-ն չի զբաղվում Ադրբեջանի ներքաղաքական հարցերով և որ զբաղվում է աշխարհում ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ: