
Օբամայի ռուսական այցը միայն հետաձգվել է. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Ռուսաստան ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ հետաձգվել է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Այցը հետաձգվել է, այն չեղյալ չի հայտարարվել: Հրավերը, որը գտնվում է պարոն Օբամայի մոտ, ուժի մեջ է, և մենք հուսով ենք, որ նա ինչ-որ փուլում կօգտագործի այն»:
Սրանից առաջ նշվում էր, թե Բարաք Օբաման պաշտոնապես հրաժարվել է սեպտեմբերին Մոսկվայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց՝ կապված Ռուսաստանի կողմից ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու հետ: