
Կառավարությունը հավանության արժանացրեց դպրոցական սննդի համակարգի նախաձեռնությունը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին: Ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ծրագրի համաձայն սնունդը կտրամադրվի ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում՝ շաբաթը 5 օր: Տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում ընդգրկված սովորողներին ամեն օր` մինչև ժամը 12-ը կմատուցվի կաթ և թխվածք: Դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը մեկ սովորողի համար կկազմի օրական 140 դրամ, որն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) և թխվածք/բուլկի (60 գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, երեխաներին կարող են հատկացվել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ և այլն: