Ինչով են սնվելու դպրոցականները. Ա. Աշոտյանը վաղը հաստատման է ներկայացնելու «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը
ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստվում է գործընկների հաստատմանը ներկայացնել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը և փորձնական ծրագիրը:
Ըստ որոշման նախագծի՝ ծրագրի ռազմավարական նպատակն է աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին ապահովել հավասարակշռված, անվտանգ և որակյալ սննդով:
Նախարարությունը առաջին 1-2 տարին նախապատրաստվելու է ծրագրի իրականացմանը (օրենսդրական փոփոխությունների մշակում), 2014-2016թթ-ին Վայոց Ձորի մարզում իրականացնելու է փորձնական ծրագիրը, իսկ 2015-2016թթ-ին՝ Սյունիքի և Արարատի մարզերում: Ծրագրի ֆինանսավորման համար ներգրավվելու են արտաքին դոնորներ:
Սնունդը կտրամադրվի ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում՝ շաբաթը 5 օր: Տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում ընդգրկված սովորողներին ամեն օր` մինչև ժամը 12-ը կմատուցվի կաթ և թխվածք: Դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը մեկ սովորողի համար կկազմի օրական 140 դրամ, որն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) և թխվածք/բուլկի (60 գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, երեխաներին կարող են հատկացվել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ և այլն:
2013-2016 թվականներին դպրոցական սննդի կազմակերպման համար ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից տրամադրվող համաֆինանսավորումը կկազմի շուրջ 10 մլն դոլար, որի շրջանակներում դպրոցական սննդի ծրագրում կընդգրկվեն հանրապետության տարբեր մարզերի 800 դպրոցների տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված ընդհանուր թվով շուրջ 67 հազար սովորողներ:
ՀՀ կառավարության կողմից 2014-2016 թվականներին դպրոցական սննդի համար հատկացվող ֆինանսավորումը կկազմի շուրջ 1 մլրդ 239 մլն դրամ:
Անխոս, ծրագիրն ինքնին լավ նպատակ է հետապնդում: Հավելենք միայն, որ Հայաստանի դպրոցներում աշակերտների թվաքանակը գնալով նվազում է՝ վերջին 5 տարում 17%-ով: Մասնավորապես, 2007-2008 թթ. ուս.տարում ՀՀ դպրոցներում սովորել է 431,280 աշակերտ, իսկ 2012-2013թթ. աշակերտների քանակը եղել է 368,708: