Բաժիններ՝

Թուրքիայի նորանշանակ ռազմական կցորդը ներկայացվել է Սաֆար Աբիևին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ թուրք դեսպանը Սաֆար Աբիևին է ներկայացրել Բաքվում Թուրքիայի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերին, ով նոր պաշտոնում փոխարինելու է բրիգադի գեներալ Յուջել Քարաուզին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական կապերի զարգացումը, որոնք Աբիևի խոսքերով՝ զարգանում են նաև ռազմական համագործակցության ոլորտում:

Հիշեցնենք, որ օգոստոսի առաջին օրերին Անկարայում անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) որոշմամբ՝ բրիգադի գեներալ Նևզաթ Թաշդելերը ազատվել էր Թեքիրդաղի նահանգի Չերքեզքյոյ շրջանում գտնվող 3-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակվել էր Բաքվում Թուրքիայի ռազմական կցորդ: Ի դեպ, այդ ժամանակ Haqqin.az պորտալը դա մեկնաբանել էր որպես «Էրդողանի թշնամին ուղարկվում է Բաքու»:

Նևզաթ Թաշդելերի ավագ եղբայր, բանակի գեներալ Հուսեին Նուսրեթ Թաշդելերը, որը պաշտոնաթող արվեց YAŞ-ի նիստում, 2007 թվականի Ումրանիեի հարձակման դատական գործով («Էրգենեքոն») դատապարտվել է ցմահ ազատազրկման և ուղարկվել է Սիլիվրիի բանտ: Թաշդելեր եղբայրների միջև տարիքային տարբերությունը կազմում է 15 տարի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս