
Իրանի արտգործնախարարը Դավութօղլուին հայտնել է, թե ով է Սիրիայում կիրառել քիմիական զենք

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին ստացված վերջին հաղորդագրությունը:
Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ քիմիական զենքի կիրառմամբ տվյալ հարձակման հետևում կանգնած չէ Դամասկոսի ղեկավարությունը, և որ այդ հարձակումն իրականացրել են Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները:
Զարիֆն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ այդ հարձակումն իրականացվել է այն պահին, երբ Սիրիայում են գտնվում ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետները, և երբ Բաշար Ասադի զորքերը սկսել են հաջողությամբ ճնշել ահաբեկիչներին: Զարիֆի խոսքերով՝ այդ հարձակումը ծառայում է Սիրիայում հակամարտության էսկալացիային և ահաբեկիչների շահերին: