Բաղդադն ապացույցներ ունի, որ Թուրքիան իր տարածքում ահաբեկիչներ է պատրաստում Իրաքի դեմ

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցական գործիչների և գործարարների մեծ պատվիրակության ուղեկցությամբ մեկնել է Իրաք:

Քըլըչդարօղլուին երեկ Բաղդադում ընդունել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին: 1 ժամ և 15 րոպե տևած այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը և այլ հարցեր:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հասան Սունեյդը: Բանակցությունների ընթացքին իրազեկ աղբյուրները հայտնել են, որ հանդիպման ժամանակ Սունեյդը Քըլըչդարօղլուին հայտնել է, որ Թուրքիան իր տարածքում պատրաստում (կրթում) և պատսպարում է Իրաքին վնաս պատճառող ահաբեկիչներին՝ ընդգծելով, որ իրենք ունեն այդ մասին վկայող փաստաթղթեր:

Մալիքին իր հերթին հավելել է, որ այդ մասին վկայող շատ այլ ցուցիչներ էլ կան, որոնք ապացուցում են, որ Թուրքիան արտաքին միջամտություն է իրականացնում Իրաքում: Կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցը, ընդգծվել է, որ Թուրքիան Սիրիայում խաղում է «հրձիգի դեր»:

Տեսանյութեր

Լրահոս