
Թուրքիան ՄԱԿ-ից պահանջում է անհապաղ հետաքննել Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառումը

Թուրքական T24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, որի ժամանակ համառորեն խնդրել է, որ ՄԱԿ-ը բազմակողմ հետաքննություն անցկացնի Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ:
Դավութօղլուն կարևորել է, որ ՄԱԿ-ն այդ հետաքննությունն անցկացնի տեղում, քանի դեռ չեն թաքցվել հանցագործության հետքերն ու հանցանշանները: Հեռախոսազրույցից հետո Դավութօղլուն հայտարարել է. «Սիրիական վարչակարգը նույնպես դատապարտում է (քիմիական զենքի կիրառումը) և ասում է, որ նա դա չի արել: Ես խնդրել եմ, որ ՄԱԿ ԳԱ-ն անհապաղ հավաքվի և հետաքննի դա:
Անկարան շատ ուշադիր հետևում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցի զարգացմանը, իսկ թուրքական հետախուզությունը ցուցադրել է մի շարք տեսանյութեր, որոնք ապացուցում են դրա օգտագործումը»: