Արմեն Գևորգյանը Գեղարքունիքի մարզում էր
Գեղարքունիքի մարզի երկու գյուղական համայնքներում` Վարդաձորում և Լիճքում այսօր տեղի ունեցավ նորակառույց բուժամբուլատորիաների բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, այլ պատասխանատուներ:
Ամբուլատորիաները կառուցվել են «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում: Ծրագրով այս տարվա ընթացքում նոր ամբուլատորիաներ են կառուցվել և կառուցվում հանրապետության հինգ մարզերի` Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռիի 13 գյուղական համայնքներում: Ամբուլատորիաներից ութն արդեն շահագործման են հանձնվել, մնացած հինգի բացումը նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում: Բուժհաստատությունները հագեցվում են նաև անհրաժեշտ սարքավորումներով:
Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց հաստատություններում, ծանոթացան պայմաններին և հնարավորություններին: Փոխվարչապետը շնորհավորեց բնակիչներին` կարեւորելով համայնքներում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման հնարավորությունների ստեղծումը: Նա ընդգծեց ծրագրի նշանակությունը մարզերի զարգացման տեսանկյունից` առողջապահական ենթակառուցվածքների վերականգնումն ու արդիականացումն առաջնային համարելով համայնքների բնակչության համար:
Փոխվարչապետը ծանոթացավ նաև համայնքներում իրականացված այլ աշխատանքներին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով Վարդաձորում ավարտվել է նաև մշակույթի տան հիմնանորոգումը, իսկ Լիճքում նույն ծրագրի շրջանակում գազիֆիկացվել է թաղամասերից մեկը: Գյուղն արդեն ամբողջությամբ ապահովված է երկնագույն վառելիքով:
Լիճքում բնակիչների առաջարկով Ա. Գեւորգյանն այցելեց համայնքի կիսավարտ մշակույթի տուն, ծանոթացավ պայմաններին եւ կատարված աշխատանքների ծավալներին: Մանկապարտեզը եւս նախատեսվում է տեղակայել շենքում, սակայն այն ավարտին հասցնելու համար համայնքը բավարար միջոցներ չունի: Փոխվարչապետը խոստացավ հարցը բարձրացնել կառավարությունում:
Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Չկալովկա համայնք, որտեղ ամբողջությամբ հիմնանորոգվել է մշակույթի տունը: Այդ նպատակով շուրջ 25 մլն դրամ էր հատկացվել առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ եւ չորրորդ ծրագրերով: Փոխվարչապետը շրջայց կատարեց նորոգված շենքում, որը նաեւ կահավորվել է անհրաժեշտ գույքով:
Այցի շրջանակում Ա. Գեւորգյանը եղավ նաեւ Սեւան եւ Գավառ քաղաքներում: Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացված 53,2 մլն դրամով Սեւանում ավարտվել է բազմաբնակարան չորս շենքերի տանիքների նորոգումը, նույն ծրագրով 16,8 մլն դրամ էր հատկացվել քաղաքային այգու վերակառուցման համար: Պատասխանատուները զեկուցեցին, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտվել են, սակայն այգու ամբողջական վերակառուցման համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ միջոցներ, եւ այդ նպատակով քաղաքային իշխանությունները նախատեսում են գրեթե նույնքան գումար հատկացնել համայնքային բյուջեից, ինչպես նաեւ քննարկվում է բարեգործական կազմակերպություններից միջոցներ ներգավվելու հնարավորությունը: Այգում նախատեսվում է կառուցել մարզադաշտ, որը ձմռանը կարող է ծառայել որպես սահադաշտ, կլինեն նաեւ խաղահրապարակներ:
Գավառ քաղաքում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 50 մլն դրամ է հատկացվել կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին, ինչպես նաեւ այցելեց քաղաքի մանկատան զբոսայգի, որը բարեկարգվել է նույն ծրագրի շրջանակում:
Համայնքներում Ա. Գեւորգյանը հանդիպումներ ունեցավ նաեւ բնակիչների հետ, որոնց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես, խմելու եւ ոռոգման ջրագծերի, ճանապարհների վերանորոգմանը: Բնակիչներին հետաքրքրում էին նաեւ կենսաթոշակայիին ապահովության, ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, ազատամարտիկների համար սոցիալական աջակցության ընդլայնման հետ կապված խնդիրները, որոնց վերաբերյալ փոխվարչապետը պարզաբանումներ ներկայացրեց:
Մարզպետարանում Ա. Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի պատասխանատուների, քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքների, մասնավորապես, Սեւան համայնքի աշխատավարձի ընթացիկ պարտքի մարմանը, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող եւ այլ հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին