Արտակ Դավթյանը պատասխանել է ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար ԱԺ լսումներ անցկացնելու մասին պատգամավորների առաջարկին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր նամակով դիմել են համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով:

Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն արդեն պատասխանել է իրեն հասցեագրված նամակին. «Հանձնաժողովն է որոշում` խորհրդարանական լսումներ անցկացնե՞լ, թե՞ ոչ: Կանոնակարգ օրենքի համաձայն՝ կամ հանձնաժողովի որոշմամբ են լսումներ տեղի ունենում, կամ էլ ԱԺ նախագահն է առաջարկում հանձնաժողովին այդ հարցով լսումներ անցկացնել: Հիմա դիմել են ինձ և ես պատասխանել եմ, որ առաջիկա խորհրդարանի նիստում մենք կքննարկենք հարցը և կանենք այնպես, ինչպես հանձնաժողովը կորոշի: Ես միանձնյա չեմ որոշում: Հանձնաժողովը կոլեգիալ մարմին է և կորոշի»:

Մեր հարցին, թե ի՞նչ եք կարծում՝ որպես հանձնաժողովի նախագահ ուսման վճարի թանկացման հարցի վերաբեյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու կարիք կա՞, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե խնդիրը ցանկացած պարագայում առաջիկա նիստերից մեկում, այնուամենայնիվ, քննարկվելու էր. «Ես նախատեսել էի, որ անկախ ամեն ինչից՝ մեր հարգարժան գործընկերները կդիմեին, թե չէ, պետք է քննարկում կազմակերվեր: Առաջիկա հարցերի շարքում նաև ԿԳ նախարարը ներկայացնելու հարցեր ուներ ու պետք է պնդեինք պարզաբաներ: Չի բացառվում նաև, որ հրավիրեինք այդ բուհերի ռեկտորներին: Մի բան էլ հիշեցնեմ, որ որոշումը կայացվել է ապրիլ-մայիս ամիսներին և մի քանի ամիս անցել է, սեպտեմբերը` նոր ուսումնական տարին սկսվում է, բուռն քննարկում է գնում»:

Արտակ Դավթյանը հավաստիացրեց, որ այն, ինչ հանձնաժողովի լիազորությունների սահմաններում է՝ իրենք կանեն և չի լինի «մի փոքր կամ մեծ հարց անգամ», որը կանտեսվի իրենց կողմից:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը, թե վարձավճարի թանկացումը ուսման որակին համարժեք չէ, ինչն էլ դարձել է դժգոհությունների պատճառ, ՀՀԿ-ական պատգամավորը արձագանքեց, թե ամեն ինչ համեմատության մեջ պետք է որոշել: Նրա խոսքով, պետք է նախ լսել պատճառները, հետոէ դժգոհել. «Պետք է հասկականք, թե ինչ խնդիրներ ենք լսուծում այդ քայլին դիմելով: Մարդիկ ասում են՝ «ոսսման որակ»: Ես «ուսման որակ» ասելով, հասկանում եմ բուհի պրոդուկտը, հետո էլ՝ ուսանողը: Ես այստեղ կկենտրոնանայի. եթե լավ սովորող, բուհի հեղինակությունը պահող, մեզ համար մարդկային կապիտալ հանդիսացող մարդը չի տուժի սրանից… երաշխիքներ պետք է ունենաք: «Ուսման որակ» ասվածը պետք է նաև բացվի` ընդհանուր ձևակերպում տալ պետք չի: Ես բացում եմ փակագծերը: Ես մեծ խնդիր չեմ տեսնում, եթե նման մարդիկ շարունակելու են չտուժել, ապահովելու են մեր մարդկային կապիտալի որակները: Ամեն հարց կշեռքի վրա պետք է դրվի` ի՞նչ ենք շահում, ի՞նչ ենք կորցնում»:

Նա հորդորեց ուսումնասիրել՝ արդյոք ուսման վարձի թանկացմամբ մենք կշահե՞նք, թե՞ կտուժենք, ապա շեշտեց, որ որակյալ ուսանողը, որը մասնագիտություն, որակավորում  է ստացել՝ չի տուժել, չի տուժի:

Արտակ Դավթյանի խոսքով, քննարկումներ կազմակերպելուց հետո, եթե մնան անպատասխան հարցեր, իրենք կկազմակերպեն հավելյալ լսումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս