Օգոստոսի 17-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, բնակարանի պատշգամբում հայտնաբերել է զոհված ամուսնուն պատկանող փամփուշտները և ատրճանակը: Մեկնած օպերատիվ խմբին կինը մատնացույց է արել պոլիէթիլենային տոպրակ, որի միջից հայտնաբերվել և առգրավվել են «ՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 5, ինքնաձիգի`7,62 և 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ-386» նռնակի պայթուցիչ և մեկ ինքնաշեն ատրճանակ` առանց զարկանային մեխանիզմի: Կինը բացատրություն է տվել, որ դրանք հայտնաբերել է պատշգամբում վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում, և այն պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված ամուսնուն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: