«Գյուլի հայտարարության հատկապես երկրորդ մասը Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է». մամուլ
«Ինձ համար Գյուլի հայտարարության հատկապես երկրորդ մասը Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Գաբալայում արված այն հայտարարությունը, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում և որ ինքը ցանկանում է, որպեսզի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում, այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու շարունակում.
«Ավելի կոնկրետացնելով միտքը` պարոն Ավագյանն ասաց. «Գյուլի խոսքն ինձ համար այնքանով արժեք ունի, որքան Գյուլի` ժամանակին հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունն իրենց երկրում, որն անգամ իր պետությունը չկարևորեց: Ուստի այս հայտարարությանն ընդամենը կարելի է քմծիծաղով մոտենալ»:
Ըստ Կարեն Ավագյանի` Գյուլը քիչ-քիչ նմանվում է Ադրբեջանի ղեկավարին, ով սկսել է ուղղակի հայտարարություններ անել, փոխանակ բուն գործով զբաղվի: Շարունակելով՝ պարոն Ավագյանը նշեց. «Կոնկրետ Գյուլի պարագայում նա թող գոնե իր ստորագրության հետևից գնա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: