
Բրիտանական իշխանությունները The Guardian-ին ստիպում են իրենց հանձնել Սնոուդենի տրամադրած նյութերը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները The Guardian թերթին հարկադրում են իրենց հանձնել կամ ոչնչացնել նրա լրագրողներին ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հանձնած նյութերը: Այս մասին հայտարարել է թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը:
Վերջինս ընդգծել է, որ իրեն մի քանի անգամ զանգահարել են շատ լուրջ կառավարական չինովնիկներ և հայտարարել, որ գործում են վարչապետի շահերից: Այդ հեռախոսազանգերից հետո խմբագիրը երկու հանդիպում է ունեցել բրիտանական իշխանությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նրանից պահանջել են հանձնել կամ ոչնչացնել բոլոր նյութերը:
Ռասբրիջերի խոսքերով՝ մերժելու դեպքում չինովնիկները սպառնացել են դատի տալ իրեն: Նա ընդգծել է, որ իր տրամադրության տակ կան բրիտանական հատուկ ծառայությունների ծրագրերի մասին բազմաթիվ փաստաթղթեր, որոնք լույս են սփռում բրիտանական հատուկ ծառայությունների գործունեության վրա:
Խմբագիրը հավելել է, որ էլեկտրոնային հետախուզությամբ զբաղվող բրիտանական հատուկ ծառայությունները փորձել են ոչնչացնել այդ նյութերը, որպեսզի դրանք չհայտնվեն չինացիների ձեռքում: Եվ այնուամենայնիվ, Ռասբրիջերը մտադիր է շարունակել նյութերի հրապարակումը: