ՀՀ իշխանությունների խրախճանքը ժանտախտի ժամանակ. մամուլ
«ՀՀ իշխանությունները լավ են յուրացրել «Հաց և տեսարաններ» հայտնի կարգախոսը: Միայն թե մեր պարագայում հացը գնալով պակասում է, փոխարենը անպակաս են տեսարանները»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
Սերժ Սարգսյանը հանդիպում է երիտհանրապետականներից կազմված «Բազե 2013» երիտասարդական ճամբարի ներկայացուցիչներին ու հետները թենիս խաղում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Միասին» երիտասարդական ճամբարի մասնակիցների համար երգելուց չբավարարվելով, շտապում է «բազեների» մոտ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցուցադրական շրջում է մայրաքաղաքի վարչական շրջաններում: Իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ Ապարանի ճանապարհին իր նախաձեռնությամբ կառուցված երկաթյա խաչի վրա է տեղադրում 1713-րդ խաչը: Ընդ որում, այս տոնակատարությանը մասնակցելու համար այնտեղ էին շտապել երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները:
Տպավորություն է, թե Հայաստանում չկա որևէ խնդիր` ո՛չ արտագաղթն է դարձել սպառնալիք, ո՛չ գործազրկություն կա, ո՛չ ԼՂ հարց: Այնինչ իրականում այս ամենը պարզապես խաբկանք է: Եվ տեղի ունեցողը հիշեցնում է խրախճանք ժանտախտի ժամանակ»: