
БелМузТВ-ի պոռնոսեանսի կազմակերպիչը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Մինսկի Պարտիզանսկի շրջանի դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել БелМузТВ-ի նախկին վիդեոինժեներին, որը եթեր էր հեռարձակել պոռնկագրական տեսահոլովակ։ Վերջինս պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղությում։ Այս մասին БЕЛТА գործակալությանը հայտնել է Մինսկի դատախազի ավագ օգնական Սերգեյ Բալաշևը։
Ինժեներին մեղադրանք էր առաջադրվել Բելառուսի ՔՕ 343 հոդվածի հատկանիշներով («Պոռնկագրական բնույթի նյութերի հրապարակային ցուցադրություն՝ ընդհանուր օգտագործման էլեկտրոնային ցանցերի միջոցով»)։
Բելառուսի ՆԳՆ-ը ավելի վաղ հայտարարում էր, որ նա հոգեկան խնդիրներ ունի, չարաշահել է ալկոհոլը և սպառնացել կյանքին վերջ տալ։ Ինքը՝ մեղադրյալը, իր արարքը պատճառաբանել է ընկերուհու հետ ունեցած վիճաբանությամբ։
Նա խոստովանել է, որ պոռնոֆայլերը նախապես է ավելացրել փլեյլիստում, որպեսզի փախչելու ժամանակ ունենա։ Ավելին, նա փակել է օպերատորական սենյակի դուռը և բանալին կոտրել կողպեքի մեջ, որպեսզի հնարավորություն չլինի այն բացել։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 13-ին՝ օրը ցերեկով։ Հեռարձակումը տևել է 10 րոպե, որից հետո եթերը դադարեցվել է։