Ինչն է վատ և ինչը լավ մեզ համար Պուտինի Բաքու կատարած այցելության արդյունքում

Անգլիացի մեծանուն վիպասան Դանիել Դեֆոյի հանրահայտ Ռոբինզոն Կռուզոն մի օր որոշեց գրի առնել, թե անմարդաբնակ կղզում իր համար ինչն է լավ, և ինչը` վատ: Եթե այդ լեգենդար հերոսը հրաշքով հայտնվեր մեր մեջ և հանդես գար որպես քաղաքական վերլուծաբան, հավանաբար, կհուշեր հետևյալ կերպ շարադրել այս հոդվածը:

Հայաստանի համար վատ է, որ…

1. Մեր N1 ռազմաքաղաքական գործընկեր-լիդերը երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո այցելում է ոչ թե մեզ, այլ Ադրբեջան, որի հետ մենք փաստորեն պատերազմի մեջ ենք: Ընդ որում, Մոսկվան առաջ է քաշում սոփեստական կասկածելի արտահայտություն, թե ‹‹ամրապնդում է ոչ թե իր բարեկամի թշնամուն, այլ իր գործընկերոջը››: Հետո փորձում է մեզ համոզել, թե այցն ընդամենը սովորական օրացուցային միջոցառում է երկու երկրների միջև: Մինչդեռ ոզնիներն անգամ գիտեն, որ միջպետական հարաբերություններում ոչինչ հենց այնպես չի արվում` անգամ արարողակարգի մակարդակով: Պարզապես Հայաստանի վրա, նրա արևմտյան նկրտումների կապակցությամբ, Մոսկվայի վերջերս գործադրած քաղաքական, տնտեսական և հոգեբանական ճնշումներին ավելացավ ևս մեկը` Պուտինի այցելությունը Բաքու:

2. Պուտինի` Բաքվում գտնվելու ժամանակ պարզվեց, որ երկու երկրների ռազմական համագործակցության ծավալը ոչ թե 1, այլ 4 միլիարդ դոլար է: Զանգվածային ոչնչացման հավասարազոր ‹‹Սմերչը›› դնել քո բարեկամի թշնամու տրամադրության տակ և պատճառաբանել, թե դա բիզնես է կամ հանգստացնել նրան, թե այդ զենքն իր դեմ չի գործելու, մեղմ ասած քաղաքական բլեֆ է, ցինիկ ալոգիզմ: Ով-ով, բայց մեր ռուս բարեկամները պետք է լավ հիշեն Չեխովի այն մարգարեական խոսքերը, որ պատից կախված հրացանը վերջիվերջո կրակելու է:

Կարդացեք նաև

3. Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու և աշխարհաքաղաքական շահերն ապահովելու համար ռուսական դիվանագիտությունը խաղում է հայ-ադրբեջանական հակամարտւթյան վրա և օգտագործում է ‹‹Բաժանիր, որ տիրես›› (‹‹Divide et impera››) հնամենի, բայց միշտ գործուն քաղաքական զենքը:

4. Պաշտոնական Մոսկվան, հայտարարելով, թե Ադրբեջանը տնտեսական ու էներգետիկ առումով Կովկասի և Կասպյան ավազանի խիստ կարևոր ու հզոր պետություն է, ստորագրում է նրա հետ տարբեր բնագավառներում համագործակցության վեց կարևոր պայմանագրեր: Մեծ հաշվով, մեր շահերից չի բխում, որ իր իսկ ջանքերով տապալված ‹‹Նաբուկո›› ծրագրի փոխարեն Մոսկվան Բաքվի հետ համաձայնություն է ձեռք բերում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Իտալիայի տարածքով ‹‹Տրանսադրիատիկ›› գազատար կառուցելու վերաբերյալ, որին Հայաստանը չի մասնակցելու, ինչպես որ դուրս է մնացել տարածաշրջանային այլ ծրագրերից: Եթե դրան ավելացնելու լինենք Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան և Եվրոպա ձգվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում հաղորդակցուղիները (կոմունիկացիաները), որոնք նույնպես շրջանցում են Հայաստանը, ապա կարելի է մոտավորապես պատկերացնել Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության մասշտաբների հեռանկարները և մեր կորուստները: Ի դեպ, ժամանակին մենք հպարտանում էինք դրանց միացած չլինելու հանգամանքով, ինչպես նաև կանխատեսում էինք Ադրբեջանի ածխաջրածնի պաշարների մոտալուտ սպառումն ու նրա սնանկացումը:

5. Ռուսաստանն Ադրբեջանին դիտում է որպես կամուրջ, կապող օղակ իր և Մերձավոր Արևելքի միջև: Այս ենթատեքստում ծրագրվում է կառուցել տրանսպորտային միջանցքներ, որոնք Ռուսաստանից կհասնեն Ադրբեջան ու Իրան ` մինչև Պարսից ծոցի երկրներ: Մոսկվան պլանավորում է սկիզբ դնել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ համագործակցության: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի կադրային փոփոխություններում Իրանի 25-միլիոնանոց ադրբեջանական համայնքի մասնակցությանը: Այս եռանկյունու շրջանակներում Բաքուն, բնականաբար, աշխատելու է Հայաստանի դեմ: Ընդհանրապես վատ է, որ Կովկասից սկիզբ առնող Ռուսաստանի` Մերձավոր Արևելք և Իրան քաղաքական վեկտորին մասնակցել կարող է Ադրբեջանը, իսկ Հայաստանը` ոչ: Մինչդեռ այդ հարաբերություններում նա կարող էր լինել առաջին ջութակ` հաշվի առնելով տարածաշրջանային և դրանից դուրս գտնվող մի շարք օբյեկտիվ գործոնները:

6. Պուտինի այցելությունը Բաքու տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների և տարածաշրջանային ներկա լարված իրավիճակում: Օգտվելով այս հանգամանքից և հայ-ադրբեջանական ինֆորմացիոն առճակատումից` Բաքուն փորձելու է այցն օգտագործել մեր դեմ երկու ուղղությամբ`

ա/ բորբոքել հակառուսական տրամադրությունները Հայաստանում, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նկատելիորեն սրվել են այստեղ,
բ/ տագնապ և խուճապ սերմանել հանրապետությունում` հատկապես շահարկելով ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության հանգամանքը:

7. Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի դեպքում, Ռուսաստանը նրա նկատմամբ կկիրառի ‹‹մկանային քաղաքականություն››, որի հավանականությունը մեծ է: Նման ճնշումը կարող է բերել հանրապետությունում տնտեսական, սոցիալ-քաղաքական դրության կտրուկ վատթարացման և զանգվածային հուզումների` ոչ առանց դրսի ուժերի օգնության: Հաշվի առնելով հանրապետությունում ներքաղաքական ներկա իրավիճակը` չի կարելի բացառել, որ դեպքերի այդպիսի զարգացումը կարող է վերացնել ներկա վարչակարգը:

Հայաստանի համար լավ է, որ…

1. Պուտինի Ադրբեջան այցելության ընթացքում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման, ինչպես նաև ԼՂՀ-ի ներկա ստատուս քվոյի շուրջ որևէ նոր ու անսպասելի հայտարարություն չարվեց: Իսկ Հայաստանի որոշ քաղաքական շրջանակների անհուն բերկրանքը ռուս նախագահի արտասանած խոսքերի առթիվ, կարելի է դասել քաղաքական ինֆանտիլիզմի շարքը: Եթե միջազգային հարաբերությունների նոր պատմության շրջանում նման հարցի կապակցությամբ որևէ պետության լիդեր արտահայտված լիներ այլ կերպ, կարելի կլիներ Պուտինի մտքերը ոսկե տառերով գրել մեր զինանշանի կողքին և այդ օրը հայտարարել պետական տոն:

2. Չնայած ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշակի առաջընթացին, Մոսկվան հազիվ թե փոխի իր տարածաշրջանային ռազմավարական գործընկերոջը նոր դաշնակցով: Այդպես մտածելը կլիներ քաղաքական խաբկանք: Եվ ոչ թե այն պատճառով, որ Մոսկվան չէր ուզի ավելի խորացնել իր կապերը Բաքվի հետ, այլ այն բանի համար, որ վերջինս չի կարող և չի ցանկանա կտրվել Արևմուտքից ու Թուրքիայից ռուսական հովանոցի տակ մտնելու համար: Այնպես որ, Ռուսաստանը մտադրված չէ շուռ գալ Հայաստանից` հանուն Ադրբեջանի: Հիշենք մեկընդմիշտ՝ Հայաստանը նույնքան կարևոր է Ռուսաստանի համար, որքան Ռուսաստանը Հայաստանի համար:

3. Պուտինի այցելությունն Ադրբեջան, որը մերոնք, չգիտես ինչու, համարում են ձախողված, վերջնականապես կհամոզի Հայաստանի ղեկավարությանը, որ Վիլնյուսում անհրաժեշտ է նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը և ակտիվորեն համագործակցել Եվրոպայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ: Այդ քայլը կօգնի մեզ դուրս գալու ռուս-հայկական հարաբերությունների այն կախարդական շրջագծից, որն ավելի շուտ Երևանն է գծել, քան Մոսկվան: Միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ լինել նշանակում է իրավունք ունենալ զարգացնելու հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, և՛ Հյուսիսի, և՛ Հարավի հետ: Մենք պետք է կարողանանք ապացուցել դա մեր հյուսիսային դարավոր բարեկամին, բայց նախ ինքներս պետք է զգանք, որ լիակատար անկախ ենք: Ես բազմաթիվ անգամ եմ գրել` հարգիր ինքդ քեզ, որ հարգեն քեզ: Դիվանագիտության մեջ այլ կերպ չի լինում:

4. Մոսկվան ինքն է մեզ դնում քաղաքական ընտրության և միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության առաջ: Սակայն այդ դեպքում բացառված չէ, որ մեզ վրա Հյուսիսից ճնշումն ուժեղանալու է: Դե ինչ, իսկական անկախությունը, որը հայերի դարավոր երազանքն է եղել, հեշտ չի տրվում: Մեկ էլ` իսկական անկախությունը պահանջում է հրաժարվել ռուսամետ կամ արևմտամետ լինելու քաղաքական գծից, որն այսօր փաստորեն տրոհում է մեր հասարակությունը և կոտորակում նրա միասնությունը: Կանգնել մեկ ու միակ դիրքերի վրա, որի անուն է ‹‹հայամետ››: Սա այսօրվա ազգային հրամայականն է: Այլ կերպ մենք տանուլ կտանք:

5. Հայաստանը աշխարհաքաղաքական դիրքով, ո ւժեղ Սփյուռքով, ազգային ներուժով և ինտելեկտով կարող է լինել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ, ինչքան էլ որ վերջինս հակառակվի դրան: Ավելին` մենք ի վիճակի ենք կապող օղակ դառնալ այդ երկուսի միջև: Ես այդպես եմ տեսնում Հայաստանի պատմական առաքելությունը ժամանակի և տարածության մեջ: Եվ դա պատրանք չէ:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat.am

Տեսանյութեր

Լրահոս