Ռազմագերիներն ունեն նամակագրության իրավունք
Ըստ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ռազմագերի գերության վերցնելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ամենաուշը մեկ շաբաթ անց, եթե անգամ դա տարանցիկ ճամբար է, ինչպես նաև հիվանդանալու կամ լազարեթ կամ այլ ճամբար փոխադրվելու դեպքում պետք է հնարավորություն ստանա մի կողմից անմիջականորեն իր ընտանիքին, իսկ մյուս կողմից` 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալությանը ուղարկել փոստային քարտ` կազմված, եթե դա հնարավոր է, սույն Կոնվենցիային առընթեր նմուշով, հաղորդելով իրեն գերի վերցնելու մասին, իր առողջական վիճակի մասին և ցույց տալ իր հասցեն: Այդ քարտերը պետք է ուղարկվեն որքան կարելի է շուտ, և դրանց առաքումը չի կարող ուշացվել որևէ կերպ:
Ռազմագերիներին կթույլատրվի ինչպես ուղարկել, այնպես էլ ստանալ նամակներ և փոստային քարտեր: Եթե գերության մեջ պահող տերությունը անհրաժեշտ գտնի սահմանափակել այդ նամակագրությունը, համենայնդեպս, նա պետք է թույլ տա ամիսը երկու նամակի և չորս քարտի ուղարկումը, չհաշված այն քարտերը, որոնք նախատեսված են 70 հոդվածում` հնարավորին չափ կազմված սույն Կոնվենցիային առընթեր նմուշներով: Այլ սահմանափակումներ կարող են մտցվել միայն այն դեպքում, եթե հովանավոր տերությունը հիմքեր ունի համարել, որ դրանք համապատասխանում են իրենց` ռազմագերիների շահերին, նկատի ունենալով այն դժվարությունները, որոնց գերության մեջ գտնվող տերությունը հանդիպում է անհրաժեշտ գրաքննություն իրականացնելու համար բարձրորակ թարգմանիչների բավարար քանակի ընտրության գործում:
Եթե ռազմագերիներին հասցեագրված նամակագրությունը պետք է սահմանափակ լինի, ապա այդ որոշումը կարող էընդունվել միայն այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, որոշ դեպքերում` գերության մեջ պահող տերության խնդրանքով: Այդ նամակները և փոստային քարտերը պետք է առաքվեն գերության մեջ պահող տերության տրամադրության տակ եղած ամենաարագ եղանակով. դրանց առաքման ուշացումը կամ դանդաղեցումը չեն կարող լինել կարգապահական ներգործության միջոց:
Երկար ժամանակ տեղեկություններ չստացած և իրենց ընտանիքներից դրանք ստանալու կամ այդպիսիք սովորական ուղիով ընտանիքին ուղարկելու հնարավորությունից զրկված ռազմագերիներին, ինչպես որ իրենց հարազատներից մեծ հեռավորության վրա գտնվող ռազմագերիներին, կթույլատրվի ուղարկել հեռագրեր, որոնց արժեքը որպես պարտք կգրանցվեն նրանց հաշիվներին, որոնք կան գերության մեջ պահող տերության մոտ կամ այդ արժեքը կվճարվի նրանց տրամադրության տակ եղած դրամով: Ռազմագերիներին այդպիսի հնարավորություն կտրամադրվի նաև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Որպես ընդհանուր կանոն, ռազմագերիների նամակագրությունները վարվում է նրանց մայրենի լեզվով: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրել նամակագրությունը վարել այլ լեզուներով:
Գերիների` նամակագրություն պարունակող կապոցները պետք է խնամքով կնքված լինեն, դրանց վրա պետք է լինեն պիտակներ` դրանց պարունակության ճշգրիտ նշումով, և դրանք պետք է առաքվեն նշանակման վայրի փոստային բաժանմունքի հասցեով: