Համբարձում Արզանյան. «Սուրեն Խաչատրյանի գործելաոճից դժգոհ է ոչ միայն Գոռը»
Վերջերս Բերձորի Արվեստի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նրան մեղադրում են դպրոցի սաներից 1 մլն 71 հազար դրամ ապօրինաբար հավաքագրելու եւ կազմակերպության դրամարկղ մուտքագրելու մեջ:
Այժմ Երևանում գտնվող Գոռ Մանուկյանը, ըստ Karabakh-open.info-ի, ասել է, որ դրանք այն 600-ական դրամներն են, որոնք հանդիսանում են խմբակների վարձը յուրաքանչյուր աշակերտի համար: Նա վստահեցնում է, որ այդ ամենը Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կողմից ձեռնարկված հետապնդումներ են:
«Գոռ Մանուկյանը սուտ է ասում»,- Karabakh-open.info-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է Սուրեն Խաչատրյանը: Շրջվարչակազմի ղեկավարն այլ հարցերի հրաժարվել է պատասխանել:
1,5 տարի առաջ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ նման խնդիրներ ուներ նաև Բերձորի թիվ 2 հանրակրթական դպրոցի ուսուցիչ Համբարձում Արզանյանը:
«Անսպասելի չէ, որ Ս. Խաչատրյանն այդպես է ասում: Խաչատրյանը բոլոր առումներով ավելի լայն հնարավորություններ ունի, քան Գ. Մանուկյանը: Թող հիմնավոր հերքում տա, թող հիմնավոր առարկություններ ներկայացնի Գոռ Մանուկյանի ասածների դեմ»,- կայքին ասել է Համբարձում Արզանյանը:
Ըստ Արզանյանի՝ Խաչատրյանը Գոռ Մանուկյանին հետապնդում է մի քանի պատճառով. առաջին հերթին, արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնը ցանկալի է Խաչատրյանի մի քանի մտերիմներին: Երկրորդը՝ նա լավ աշխատող է, կարողանում է շատ ու շատ խնդիրներ ինքնուրույն լուծել, ինչը Խաչատրյանին դուր չի գալիս:
«Բացի այդ՝ Մանուկյանն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի, որը նույնպես դուր չի գալիս Խաչատրյանին»,- ասել է Համբարձում Արզանյանը:
Արզանյանը վստահ է, որ Գոռը մեղավոր չէ. «Ինչպե՞ս հնարավոր է մեղավոր լինել մի պարագայում, երբ մեղք չկա: Արցախի հանրապետության բոլոր արվեստի դպրոցներում հավաքվում է ուսման վարձ աշակերտներից: Եթե դա մեղք է, ապա ԼՂՀ և ՀՀ բոլոր Արվեստի դպրոցների տնօրենների դեմ պետք է հարուցվեն քրեական գործեր: Ավելին՝ այդ պարագայում քրեական գործ պետք է հարուցվի նույն Սուրեն Խաչատրյանի, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մի շարք աշխատակիցների դեմ, ովքեր տարիներ շարունակ հաստատել են դպրոցի ֆինանսական փաստաթղթերը, որոնց մեջ պարզ երեւում են այդ 600 դրամները»:
Արզանյանը համարում է, որ Քաշաթաղի շրջանում անառողջ մթնոլորտ է տիրում, որովհետեւ սեփական դիրքորոշման ու կարծիքի համար մարդուն ճնշումների են ենթարկում. «Կարող եմ նշել, որ Սուրեն Խաչատրյանի գործելաոճից դժգոհ է ոչ միայն Գոռը»:
Եթե Քաշաթաղի շրջանում վախի մթնոլորտ է տիրում, ապա ինչպե՞ս է համարձակվում դպրոցի ուսուցիչն ազատ արտահայտվել:
«Իսկ ո՞վ պետք է ձայն բարձրացնի, եթե ոչ մտավորականը: Ես հաստատ խնդիրներ կունենամ, բայց դրանցից չեմ փախչում»,- պատասխանել է Արզանյանը: