ՀՀԿ խոսնակ. Պուտինի հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ նկրտումներին
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով` նիստում չի քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան: Լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց, թե, իր կարծիքով, ՌԴ նախագահի այցից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր այն օգտագործել ներքաղաքական, նախընտրական նպատակներով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին Պուտինի հնչեցրած հայտարարությանը, թե հարցը պետք է լուծվի քաղաքական մեթոդներով, Է. Շարմազանովը նկատեց, որ այն «ևս մեկ անգամ սառը ցնցուղ էր Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ նկրտումներին»:
Նա հայտնեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է նաև ՀՀԿ միջազգային կապերի խորացման անհրաժեշտության հարցը. «Սեպտեմբերին տեղի է ունենալու ԵԺԿ գագաթաժողովը, որին ներկա կլինի մեր պատվիրակությունը, իսկ հետո կմասնակցի «Էդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կուսակցությունը իր կուսակցական կապերը փորձում է ամրացնել»,- ասաց նա: