Էդուարդ Շարմազանովը՝ Սյունիքում Սուրեն Խաչատրյանի ազդեցության և թիվ 38 ընտրատարածքում իրենց թեկնածուի մասին

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ քննարկվել է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջիկայում կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ թեկնածուի հարցը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում որոշում ընդունվեց առաջադրել Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի թեկնածությունը:

«Մենք քննարկեցինք, որոշեցինք ընդունել ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի առաջարկը՝ առաջադրելու Արմեն Կարապետյանի թեկնածությունը: Առաջարկը ընդունվել է միաձայն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է տեսակետներին, որ Սյունքի մարզում շարունակում է պահպանվել նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազդեցությունը, ՀՀԿ խոսնակն ասաց, թե ազդեցությունը ոչ իրավական, ոչ քաղաքական կատեգորիա չէ, այլ՝ հոգեբանական, ապա ընդգծեց, որ Սյունիքի ներկայիս մարզպետը՝ Վահե Հակոբյանը, պատվով կարող է իրականացնել իր վրա դրված պարտականությունները:

Լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ մրցապայքար է ՀՀԿ-ն ակնկալում Սյունիքում, Է. Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքական ուժերը լավ հնարավորություն ունեն փորձելու իրենց շանսերը: Քաղաքականությամբ զբաղվելու լավագույն միջոցը ընտրություններին մասնակցելն է: Մենք միշտ էլ բարձր ենք գնահատում ու կողջունենք մասնակցությունը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել: Այնուամենայնիվ, շատ քաղաքական ուժեր ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն, ճիշտ կլինի՝ մասնակցեն ընտրություններին, որովհետև բոյկոտից տուժում են մեծապես այն գործիչներն ու ուժերը, որոնք գնում են այդ ճանապարհով»:

Նշենք, որ նիստի ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ներկա չէր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ինչպես հայտնի է՝ մեկնել է արձակուրդի:

Տեսանյութեր

Լրահոս