
Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում է. շուտով կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը

Քիչ անց կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում կքննարկվի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սպասվող մեծամասնական ընտրություններին մասնակցող ՀՀԿ թեկնածուի հարցը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մեր հարցին, թե ՀՀԿ-ն թեկնածուի հարցում չի՞ շտապում՝ հաշվի առնելով, որ քաղաքական մյուս ուժերը դեռևս թեկնածուներ չեն առաջադրել, Է. Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն չի շտապում: Մենք օրենքով սահմանված կարգով քննարկում ենք հարցը, մարզային խորհուրդն էլ ընդունել է իր որոշումը, առաջարկություն է արել կուսակցության ղեկավար մարմնին, մենք կքննարկենք ու ադյունքների մասին այսօր կտեղեկացնենք»:
Իսկ հարցին, թե քաղաքական մյուս ուժերն ինչո՞ւ դեռևս թեկնածու չեն առաջադրում, ՀՀԿ խոսնակը նախ պատասխանեց, թե ինքը չի կարող պատասխանել մյուս ուժերի փոխարեն, ապա ավելացրեց. «Դա իրենց խնդիրն է: Պարզապես քաղաքականությամբ զբաղվելու լավագույն գործիքը ընտրություններին մասնակցելն է»: Շարզամանովը շեշտեց նաև, որ իրենք ողջունում են բոլոր առաջադրումները:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀԿ գրասենյակ եկավ նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: