Քաղաքապետարանն արգելեց ակտիվիստներին հովանոց տեղադրել

Քիչ առաջ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին Երևանի քաղաքապետարանի դիմաց հանդիպել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Հիշեցնենք, որ ակտիվիստները ցանկանում էին հանդիպել Տարոն Մարգարյանի հետ, որպեսզի վերջինիս հետ քննարկեն՝ քաղաքապետարանի դիմաց հովանոց տեղադրելու հարցը: Քաղաքապետարանը թեև պատրաստակամություն էր հայտնել քննարկելու հարցը, այնուամենայնիվ, մերժեց ակտիվիստների պահանջը և առաջարկեց նորից գրավոր դիմել իրենց:

«Հիմա ի՞նչ ա, մի քառասուն օր ստեղ չիր դառնանք, մինչև թղթաբանությունը անընդհատ անցնենք, գրենք, պատասխանենք»,- դիմելով Արթուր Գևորգյանին ասաց նախաձեռնության անդամ Գոռ Առաքելյանը:

Ա. Գևորգյանը հարցի քննարկման համար առաջարկել է քննարկումը տեղափոխել քաղաքապետարանի շենք, սակայն ակտիվիստները հրաժարվել են` համարելով, որ սա հանրային հարց է ու իրենք կոմպետենտ չեն «ցանկացած սեղանի շուրջ» քննարկում անցկացնել ու պատասխանել հասարակության փոխարեն:

Կարդացեք նաև

«Մենք որևէ սեղանի շուրջ չենք նստելու այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները չբավարարվեն: Ասել ենք սրա մասին առաջին օրվանից»,- շեշտեց ակտիվիստ Վահագն Մինասյանը:

Գոռ Առաքելյանը, ով անձամբ է խոսել Արթուր Գևորգյանի հետ, ասաց, որ տեղի ունեցած զրույցը քննարկում համարել չի կարելի. «Ես չեմ համարում դա քննարկում: Արթուր Գևորգյանը, կարծում եմ, ևս մեկ անգամ ուզում էր ասել, որ չի թույլատրում հովանոցի տեղադրումը: Քննարկում դա կարելի՞ էր համարել` չգիտեմ: Դա քննարկման նման չէր»:

Հարցին, թե ինչպե՞ս են հիմնավորում իրենց դիրքորոշումը, որ չեն թույլատրում հովանոց տեղադրել, Գոռ Առաքելյանը պատասխանեց. «Ասում են, որ, ըստ ավագանու որոշման, գազոնի վրա հովանոց տեղադրել չի կարելի, փողոցում` երթևեկությունն է խախտվում, մայթին` անցորդների տեղաշարժը: Այլ հիմնավորումներ չկա: Ծիծաղելի է: Մեզ ասում են, թե չի կարելի տեղադրել փողոցում` ինչի՞ց էին ենթադրել, որ մենք ուզում ենք փողոցում հովանոց տեղադրել: Մեր ներկայացրած հովանոցի տարբերակը ոչ մի ձև խոչընդոտ հանդիսանալ չի կարող»: Այն, որ քաղաքապետարանը զիջումների գնալ չի ցանկանում, Գ. Առաքելյանի համոզմամբ, լավագույն լուծումը չէ:

Ակտիվիստ Վահանգն Մինասյանն էլ հայտարարեց, որ՝ չթույլատրելով հովանոց տեղադրել, քաղաքապետարանն ակցիայի մասնակիցների առողջական վիճակը որպես շանտաժի գործիք է փորձում կիրառել, ապա հայտարարեց, որ հովանոց տեղադրելու փորձեր իրենք այլևս չեն իրականացնելու.

«Մենք չենք տրվելու շանտաժներին, մեզ հովանոց էլ պետք չէ: Սա հանրային պահանջ է ու մենք վճռական ենք տրամադրված: Բացարձակ որևէ շանտաժի գործիք մեր հետևողականության վրա չի ազդելու: Մենք այլևս չենք փորձելու որևէ հովանոց տեղադրել: Եթե քաղաքապետարանը մտածում է, որ կարող է մեր առողջությունը որպես շանտաժ օգտագործել, այնքան ձգձգել, որ ֆիզիկական թուլությունից ելնելով, դադարեցնենք, չարաչար սխալվում է: Կշարունակենք նախկինի պես արևն ու ցուրտը տանել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս