Ֆինանսների նախարարությունը սկսել է հրապարակել գնումների բոլոր պայմանագրերը
Օգոստոսի 14-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մասնակցեց ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և «Գնումների աջակցման կենտրոնի» նախաձեռնած` գնումների գործընթացի կազմակերպմանն ու ընթացակարգերին նվիրված քննարկմանը:
Միջոցառման բացմանը Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց երկու կազմակերպությունների համագործակցությունը և հատկապես համատեղ ջանքերով ստեղծված` գնումների մասին օգտակար և ուսուցողական ձեռնարկը: Նախարարն ընդգծեց, որ գնումների ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ֆինանսների նախարարության առաջնահերթություններից մեկը և այս համատեքստում կարևոր համարեց գնումների որակը բարելավելուն ուղղված ցանկացած քայլ: Նախարարի խոսքով` այսօր գործում է գնումների ապակենտրոնացված համակարգ, երբ ֆինանսների նախարարությունը և գնումների աջակցման կենտրոնը կարգավորում են ոլորտը, իսկ գնումներն իրականացնում են պետական մարմիններն ու նրանց մասնագետները: Այս պարագայում մեթոդական ձեռնարկը բանախոսը խիստ կարևոր գործիք համարեց թե այդ մասնագետների, թե բիզնեսի` հատկապես փոքր ու միջին, ներկայացուցիչների ձեռքում:
Ֆինանսների նախարարը խոսեց նաև գնումների համակարգի թափանցիկության և գործընթացում հասարակության ներգրավվածության մասին` նշելով, որ պետությունն ավելի ու ավելի է ընդլայնում հասարակությանը տրամադրվող տեղեկությունների շրջանակը: Պաշտոնական կայքէջերում այսօր կարելի է գտնել գնումների մրցույթներում հաղթողների մասին տեղեկություններ, մեկ անձանցից գնումների պայմանագրերը, բյուջեի ինտերակտիվ ծախսերը և այլն:
«Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է այս աննախադեպ թափանցիկությունը ևս մեկ աստիճանով բարելավելու գործը: Ներկայումս յուրաքանչյուր օր, ինտերակտիվ բյուջեի շնորհիվ, կարելի է հետևել կատարված բոլոր ծախսերին, բյուջեից բոլոր փոխանցումներին: Այսօր մենք գնում ենք մեկ քայլ առաջ և արդեն իսկ կայքում մի քանի օր է` սկսել ենք տեղադրել բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են այդ փոխանցումների հիմքում: Մինչդեռ նախկինում տեղադրվում էին միայն մեկ անձի միջոցով կատարված գնումների պայմանագրերը: Սա ևս մեկ լրացուցիչ խթան կհանդիսանա մեր վերլուծաբանների համար` հետևելու պետության գործունեությանն այս ոլորտում»,-հայտնեց ֆինանսների նախարարը:
Մինչ քննարկումն ու ձեռնարկի շնորհանդեսը` ներկաներին ողջունեցին նաև զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Ջոն Դոունսը և Գնումների աջակցման կենտրոնի պետի պաշտոնակատար Արթուր Առաքելյանը: