Ղարաբաղն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ ընդգծելով, որ խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է:  «Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը»,- ասել է Աղաբեկյանը:

Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար:  «Մենք Սարսանգի ջրերի օգտագործումը էլեկտրական հոսանք արտադրելու համար ժամանակացույցը ընտրում ենք այնպես, որ այն հարմարեցվի միայն մեր շահերին, իսկ երկխոսության դեպքում մենք այն կարող ենք ծառայեցնել երկուստեք շահերի: Ջրբաժան ամենակարևոր կետը գտնվում է հենց Թարթառի շրջանում և երկխոսության դեպքում մենք այդ ջրբաժան կայանը կարող ենք ճիշտ օգտագործել և՛ ադրբեջանական կողմին մատակարարել ջուր, և՛ մեր գյուղատնտեսության համար հատկացված տարածքները դարձնել ջրովի», – ասում է ԼՂ փոխվարչապետը: ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, արխիվ Նախկին զինվորական, դաշնակցական քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը, ով, շուրջ մեկ տարի առաջ Երևանից տեղափոխվելով Ստեփանակերտ, նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, իր այս ուշագրավ հայտարարությունը դիտարկում է նաև երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համատեքստում:  «Վերջը` հարևան երկիր է, այսօր թշնամի է, վաղը դառնալու է ոչ բարեկամ, և պետք է մենք կարողանանք ժամանակի ընթացքում ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Կարծում եմ` սահմանային ցանկացած համագործակցություն, որից կհետևի զինադադարի ռեժիմի պահապնություն, որից կհետևի փոխադարձ հանդուրժողականություն, վստահ եմ, որ մենք միշտ էլ պատրաստակամ ենք եղել նման համագործակցության գնալու»,- ասել է նա:

Կարդացեք այստեղ.

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս